News

sedrf_xzMSw.png
11 23, 2022

«Լիբերալ ֆաշիստական գործակալական ցանցը և դրա դեմ արդյունավետ պայքարի մեթոդիկան»․ Գլուխ 1․ Մաս 3-րդ

 

     Ժամանակակից դեմոկրատիան այնպես, ինչպես կա

     Ժամանակակից աշխարհի համարյա բոլոր պետություններում, իսկ հատկապես այն պետություններում, որտեղ լիբերալ ցանցն ունի իր քաղաքական հետաքրքրությունները, քաղաքական դաշտի էպիկենտրոնում են հայտնվում մարդիկ, ովքեր օրնիբուն աղաղակում են դեմոկրատիայի մասին: Այդ մարդիկ պարբերաբար հանդես են գալիս քաղաքական հայտարարություններով, որոնցով դատապարտում են ինչ-որ երևույթ՝ անվանելով այն հակադեմոկրատական կամ հակառակը՝ իրենց ցանցի ներկայացուցիչներին են ջերմեռանդ գովերգում՝ անվանելով նրանց դեմոկրատիայի պահապաններ: Այդ մարդիկ ընտրությունների ընթացքում իրականացնում են դիտարկումներ և իրենց հեղինակավոր կարծիքն են հայտնում ընտրությունների դեմոկրատական չափանիշներին համապատասխանելու կամ չհամապատասխանելու մասին:

Եվ ամենակարևորը՝ այդ մարդիկ սովորաբար ներկայացնում են ոչ առևտրային կազմակերպություններ՝ ՀԿ-ներ որոնց անվանման մեջ, որպես կանոն, լինում է «հելսինկյան» կամ «դեմոկրատիա» բառերը: «Հելսինկյան» բառի նկատմամբ լիբերալ ֆաշիստական ցանցի սակրալ վերաբերմունքը բացատրվում է 1975 թվականին Ֆինլանդիայի մայրաքաղաք Հելսինկիում կայացած Եվրոպայի անվտանգության և համագործակցության համաժողովում ստորագրված եզրափակիչ ակտի ընդունմամբ, որը պարունակում էր սահմանումներ մարդու հիմնարար իրավունքների մասին, ժողովուրդների ինքնորոշման, պետությունների ինքնիշխանության, տարածքային ամբողջականության, պետությունների համագործակցության և այլ դրույթներ: Լիբերալ ֆաշիստների համար Հելսինկյան ակտը սակրալ է համարվում հատկապես մարդու հիմնարար իրավունքների սահմանման դրույթների շնորհիվ: Հելսինկյան ակտը ստորագրել էին 35 պետություններ, այդ թվում՝ ԽՍՀՄ-ը և ԱՄՆ-ն: Հելսինկյան ակտի նպատակն էր բարելավել հարաբերությունը հավաքական (լիբերալ) Արևմուտքի և Վարշավյան պայմանագրի անդամ երկրների միջև: Հիշեցնեմ, որ Հելսինկյան ակտի ստորագրման պահին հավաքական լիբերալ Արևմուտքի գլխավոր խաղացողը համարվում էր ԱՄՆ-ն, իսկ Վարշավյան պայմանագրի երկրներից ամենախոշորը և ազդեցիկը ԽՍՀՄ-ն էր: Այսինքն՝ Հելսինկյան ակտը, ըստ էության, ԱՄՆ-ԽՍՀՄ միջև համաշխարհային պատերազմյան առաջին ու ամենախոշոր քաղաքական համաձայնությունն էր, որտեղ բազմաթիվ գեղեցիկ բառերի սոուսով ԽՍՀՄ-ը պաշտոնապես ընդունեց և պարտավորվեց իր պետության ներսում կիրառել լիբերալների գլխավոր պոստուլատը՝ «մարդը գերագույն արժեք է»: Ռետրոսպեկտիվ հայացքով Հելսինկյան ակտի ստորագրման պահը կարելի է համարել ԽՍՀՄ-ի, ինչպես նաև Վարշավյան պայմանագրի փլուզման հետհաշվարկի սկիզբը: Հելսինկյան ակտով ԽՍՀՄ-ն իր վրա վերցրեց իր երկրում մարդու իրավունքների լիակատար իրացման պարտավորությունը: Մարդու իրավունքներ, որոնք սահմանվել և պարտադրվել են լիբերալ Արևմուտքի կողմից: Այդ քայլով ԽՍՀՄ-ը բացեց իր դարպասները տրոյական ձիու համար, դե, իսկ լիբերալների նման կազմակերպված և ինստիտուցիոնալ կառույցների համար ԽՍՀՄ-ը քաղաքականապես ականապատելն ու պայթեցնելը ժամանակի հարց էր: ԽՍՀՄ-ը փորձեց խաղալ լիբերալ Արևմուտքի թելադրած խաղի կանոններով, որոնք ընդունված է անվանել զարգացած երկրների փորձ, ինչի արդյունքում վճարեց իր գոյությամբ: Ի տարբերություն ԽՍՀՄ-ի, արևմտյան քաղաքական ինստիտուտները հստակ հասկանում էին, թե ինչ թակարդի մեջ են ներքաշել իրենց տասնյակ տարիների գաղափարական հակառակորդին և Հելսինկյան ակտը հավաքական Արևմուտքի քաղաքական գործիչների համար ստորագրման պահից ունեցել է չափազանց մեծ շոշափելի հաղթանակի նշանակություն: Ահա դա է պատճառը, որ լիբերալ արևմուտքից ֆինանսավորվող ՀԿ-ները առանձնահատուկ սեր ունեն դեպի կախարդական «հելսինկյան» բառը: «Հելսինկյան» անվանումով ՀԿ-ներն իրենց այդ անվանումով Սորոսի նման գրանտատուներին ի սկզբանե հայտնում են, որ 1975 թվականին Հելսինկյան ակտի ստորագրումը համարում են նաև իրենց սեփական հաղթանակը, այդպիսով, իրենք իրենց ուղիղ ասոցացնում են արևմտյան լիբերալիզմի և դրա հաղթարշավի հետ: Փաստացի, եթե կազմակերպության անվանման մեջ կա «հելսինկյան» բառը, ապա արդեն ակնհայտ է դառնում այդ կազմակերպության անդամների քաղաքական նախասիրությունները և անսահման նվիրվածությունը արևմտյան քաղաքական լիբերալիզմին, իսկ հետագայում՝ լիբերալ ֆաշիզմին:

Այս պարբերության մեջ անդրադառնանք ամենաչարչրկված՝ «դեմոկրատիա» բառին կամ ավելի շուտ՝ այդ բառի լիբերալ ֆաշիստական մեկնաբանությանը:
Ամբողջ աշխարհում լիբերալները կարողացել են հանրային գիտակցության մեջ արմատավորել իրենց ուղղակի առնչությունը դեմոկրատիայի հետ: Քանի որ դեմոկրատիայից օրնիբուն խոսելու մենաշնորհն ինքնագլուխ որոշմամբ վերցրել են իրենց ձեռքը, միջին վիճակագրական ընտրողի մոտ կարողացել են ստեղծել թյուր տպավորություն, որ բացառապես իրենք՝ լիբերալ ֆաշիստներն են հանդիսանում դեմոկրատիայի քաղաքական հոմանիշը: Դա, իհարկե, ամենևին այդպես չէ: Նախ ընդգծենք, որ լիբերալիզմը և դեմոկրատիան բացարձակ միմյանց հետ փոխկապակցված երևույթներ չեն, ավելին՝ դեմոկրատիան և լիբերալիզմը բացարձակ տարբեր բաներ են: Դեմոկրատիան պետության կառավարման մոդել է, որի հիմնական սկզբունքը իշխանության ձևավորման ընտրական համակարգն է: Ընդ որում, նկատենք, որ ընտրությամբ ձևավորված իշխանություն ասելով՝ չի նշանակում ընտրությունների մասնակցության համընդհանուրություն: Օրինակ՝ հազարավոր տարիներ առաջ Հին Հունաստանում դեմոկրատիա էր (ի դեպ, այդ ժամանակ լիբերալիզմը նույնիսկ գոյություն չուներ): Հին Հունաստանում գործում էր ստրկատիրական համակարգը, սակայն պետական կառավարման առումով դեմոկրատիա էր, այսինքն՝ իշխանությունը ձևավորվում էր ընտրությունների միջոցով: Լիբերալիզմը, որը հանդիսանում է ժամանակակից աշխարհում լիբերալ ֆաշիզմի գաղափարական արմատը, ի տարբերություն դեմոկրատիայի, ոչ թե կառավարման համակարգ է, այլ քաղաքական գաղափարախոսություն:

Լիբերալ ֆաշիստները տասնյակ տարիներ իրենց հատուկ անպատկառությամբ քարոզել են լկտի սուտ այն մասին, որ պետությունը կարող է համարվել դեմոկրատական միայն այն դեպքում, եթե այդ պետության ներսում իշխանության ղեկին են լիբերալները: Սա սարսափելի կեղծավորություն է և միֆ: Իրականությունն այն է, որ ցանկացած պետություն կարող է լինել դեմոկրատական, եթե նույնիսկ այնտեղ ընդհանրապես իշխանությանը մոտ չլինեն լիբերալները: Կրկնենք՝ դեմոկրատիան կառավարման համակարգ է, իսկ լիբերալիզմը՝ քաղաքական գաղափարախոսություն:

Այդ դեպքում հարց է առաջանում՝ ինչ նպատակ են հետապնդում լիբերալներն՝ իրենց կեղծ քարոզչությամբ հանրային ընկալման մեջ փոփոխելով դեմոկրատիայի իրական բնույթը, դեմոկրատիան հանրության շրջանում նույնացնելով լիբերալ գաղափարախոսության հետ: Այս հարցի հիմնական պատասխանը թաքնված է լիբերալ ֆաշիզմի ծայրահեղ անհանդուրժողականության բնույթի հետ: Հիմնականում այդ հատկանիշը՝ այլակարծության նկատմամբ անհանդուրժողականությունն է լիբերալիզմը դարձնում լիբերալ ֆաշիզմ: Այս հետազոտության նպատակներից մեկը լիբերալ ֆաշիզմի անհանդուրժողականության ուսումնասիրությունն է, ինչի մասին շուտով ավելի մանրամասն հնարավորություն կունենաք ընթերցելու, իսկ դեմոկրատիայի և լիբերալիզմի կեղծ նույնականացման որպես միջանկյալ նպատակ նշենք՝ դեմոկրատիայի անվան տակ և դեմոկրատական լոզունգներով իշխանության բերել լիբերալ ֆաշիստական գաղափարախոսությամբ այլակարծության նկատմամբ ծայրահեղ անհանդուրժող իշխանություն և այդ իշխանության ձեռքերով ի վերջո կործանել տվյալ երկրի պետականությունը:

Ինչպես արդեն նշեցի, դեմոկրատիայի բնօրրանը ընդունված է համարել Հին Հունաստանը: Դեմոկրատական կառավարման ձևը Հին Հունաստանում հնարավորություն տվեց ստեղծել ընտրական մեխանիզմով փոփոխվող կառավարման համակարգ: Ստրկատիրական կարգերին զուգահեռ պետության ներսում ներդրված ընտրական համակարգը թույլ էր տալիս մասնակցային դարձնել պետության բոլոր հատվածների ներկայացուցիչներին ընդհանուր կառավարման գործընթացին: Ընտրողների համար կային, իհարկե, որոշակի սահմանափակումներ, գործում էին ընտրողի չափորոշիչներ, և բոլորը չէ, որ կարող էին մասնակցել ընտրական գործընթացին, սակայն դեմոկրատիան՝ ժողովրդի իշխանությունն իրացվում էր՝ պահպանելով պետական կառավարման համակարգի արդարության գործոնը:

Ընտրությունների թեմային անդրադառնալով՝ նշեմ, ըստ իս, միջնադարյան ընտրական համակարգի չափազանց հետաքրքրական սիստեմ: Դա Վենետիկյան դոժերի՝ կառավարիչների ընտրության սիստեմն էր, որը, ըստ էության, բացառում էր ընտրություններին կողմնակի միջամտության ցանկացած փորձ:

Ընտրությունների նշանակված օրը Սինյորիայի ամենաերիտասարդ անդամը գնում էր աղոթելու Սան Մարկո եկեղեցում: Աղոթքից հետո եկեղեցուց դուրս գալուց սինյորը կանգնեցում էր առաջին իսկ պատահած տղային և նրա ուղեկցությամբ գնում էր Դոժերի պալատ՝ Մեծ խորհրդի նիստին, որին մասնակցում էին խորհրդի բոլոր անդամները բացառությամբ նրանց, ում 30 տարին դեռ չէր լրացել: Պատահական ընտրված տղային, ում անվանում էին «ballotino», հատուկ սափորից պատահականության սկզբունքով հանում էր անուններով թղթիկներ, որոնց միջոցով ընտրվում էր խորհրդի 30 անդամ: Երկրորդ նույնատիպ քվեարկությամբ խորհրդի կազմը 30-ից իջնում էր 9-ը անդամի: Վերջնարդյունքում ընտրված 9 հոգին պետք է քվեարկեին 40 թեկնածուների օգտին: 40-ից յուրաքանչյուրը պետք է ստանար առնվազն 7 ձայն: 40 հոգանոց խումբը վիճակահանությամբ նվազում էր և դառնում էր 12 հոգի: 12-ը ընտրում էր 25 մարդ, որոնք, իրենց հերթին, կրճատվում էին մինչև 9 հոգի: Վերջին 9 հոգին քվեարկում էին 45 թեկնածուների օգտին, որոնցից յուրաքանչյուրին պետք է ձայն տար նվազագույնը 7 հոգի: 45 հոգու անուններով սափորից «ballotino»-ն պատահականության սկզբունքով հանում էր 11 անուն: Այդ 11 հոգին ընտրում էին 40 հոգու, որոնցից յուրաքանչյուրը պետք է ստանար առնվազն 9 ձայն, և ահա այդ վերջին 40 ընտրյալներն էլ ընտրում էին դոժին:
Մինչև ընտրության վերջնական փուլը, 40 ընտրյալները մասնակցում էին պատարագի, որի ընթացքում երդվում էին գործել ազնիվ և արդար՝ ի նպաստ Վենետիկյան հանրապետության:

Պատարագից անմիջապես հետո Մեծ խորհրդի 40 անդամները փակվում էին Դոժերի պալատի գաղտնի սենյակում: Նրանց մինչև ընտրությունների վերջին փուլի ավարտը արգելված էր շփվել կողմնակի անձանց հետ: Խորհրդի նիստը շուրջօրյա հսկում էր զինվորականների ջոկատը: Այս գաղտնի սենյակում, կողմնակի ազդեցությունից ու աչքից մեկուսի տեղի էր ունենում դոժի ընտրության ամենահետաքրքիր փուլը: Մեծ խորհրդից յուրաքանչյուրը պետք է իր նախընտրած թեկնածուի անունով բյուլետենը նետեր ընտրական սափորի մեջ: Այնուհետև հատուկ մարդը սափորից հանում էր բյուլետենը և հրապարակում անունը: Այս գործընթացն արվում էր առանց հայտարարելու թեկնածուի օգտին քվեարկած բյուլետենների թիվը: Խորհրդի բոլոր այն անդամների անունները, ում օգտին որևէ մեկը քվեարկել էր, թղթիկներով տեղադրվում էին մեկ այլ սափորի մեջ, որտեղից պատահականության սկզբունքով հանվում էին: Թեկնածուներն, իրենց անունները հնչելուն պես, կանգնում էին, որպեսզի պատասխանեին խորհրդի անդամների հարցերին, արդարանային իրենց ուղղված մեղադրանքներից և այլն: Երբ բոլոր թեկնածուներն անցնում էին այդ ընթացակարգով, տեղի էր ունենում քվեարկություն, որի արդյունքում 25 ձայն ստացած թեկնածուն համարվում էր ընտրված դոժ:

Վենետիկցիների այսչափ բարդ ընտրական սիստեմի նպատակն էր ստանալ առավելագույնս թափանցիկ ընտրություններ՝ միևնույն ժամանակ բացառելով որևէ վտանգավոր կամ պատահական մարդու հայտնվելը հանրապետության առաջնորդի պաշտոնին: Այն մարդիկ, ովքեր կարող էին վնասել Վենետիկին, մաղվում էին ընտրությունների առաջին փուլերում, արդյունքում՝ Վենետիկի ընտրությունները զերծ էին կոռուպցիայից և կեղծիքից:

Սա ևս դեմոկրատական ընտրությունների օրինակ է, որը տեղի էր ունենում 14-րդ դարում՝ առանց դեմոկրատիայի պարտադրանքի, օտարերկրյա դիտորդ-վերահսկողների, սակայն եկեք ընդունենք, որ այս սիստեմը չի կարող համընդհանուրության սկզբունքով կիրառելի լինել ամբողջ աշխարհում: Ընտրական այս սիստեմն անխափան աշխատել է Վենետիկում՝ հաշվի առնելով տեղի առանձնահատկությունները: Ժամանակակից աշխարհում նման ընտրական համակարգը խառնաշփոթ կառաջացներ: Վենետիկցիները մարդիկ էին, ովքեր տենչում էին դեմոկրատիա իրենց երկրում: Ի դեպ, Վենետիկի դոժերի գիտակցությունն այնքան բարձր էր, որ նրանք սեփական կամքով հրաժարվել էին պետության հաշվին բոլոր տեսակի ճոխություններից և ապրում էին իրենց համար նշանակված աշխատավարձով, որն արքաների չափանիշով այնքան էլ մեծ գումար չէր: Այսինքն՝ վենետիկցիների մոտիվացիան իրենց պետության ուժեղացումն էր, և դա էր պատճառը որ նույնիսկ այդքան բարդ և խուճուճ ընտրական սիստեմն աշխատում էր ժամացույցի ճշտգրտությամբ և անխափան: Ժամանակակից աշխարհում ցանկացած պետությունում կան այնպիսի ներպետական և աշխարհաքաղաքական շահեր և դրանց բախումներ, որ, այսպես կոչված, դեմոկրատական չափանիշներով ընտրություններն ավելի շատ հարցեր են առաջացնում, քան պատասխանում են եղած հարցերին: Աշխարհի ցանկացած անկյունում ընտրությունների դեմոկրատական չափանիշների համապատասխանության մասին գնահատական հնչեցնելու մենաշնորհը պատկանում է լիբերալ Արևմուտքին: Արևմուտքն ընտրական պրոցեսի դեմոկրատական ճանաչելու հարցը մշտապես դարձնում է սակարկման առարկա՝ ելնելով իր սեփական քաղաքական շահերից: Արդյունքում ստացվում է այնպես, որ կախված քաղաքական նպատակահարմարությունից՝ արևմտյան ընտրական դիտորդները և միջազգային կազմակերպություններն ու նրանց արբանյակ վարձու հասարակական կազմակերպություններն, իրենց շահերից ելնելով, կարող են նույնիսկ ամենաավտորիտար երկրում վատ կազմակերպված, միակողմանի քարոզչությամբ, բռնությամբ և կեղծիքներով զուգորդված ընտրությունները ճանաչել որպես դեմոկրատական և հակառակը՝ նույնիսկ ամենաիդեալական ընտրությունները կարող են արևմտյան լիբերալների կողմից հռչակվել որպես ոչ ժողովրդավարական և ոչ լեգիտիմ, եթե այդ պետության հետ արևմտյան լիբերալներն ունեն շահերի բախում: Այսինքն՝ (կներեք բառախաղի համար) դեմոկրատիան դամոկլյան սրի նման կախվել է աշխարհի բոլոր պետությունների գլխին և դարձել է պարտադրանքի գործիք՝ լիբերալ արևմուտքի երկրների շահերի առաջխաղացման համար: Եթե անում ես այն, ինչ քեզ հրամայում են, ուրեմն՝ դեմոկրատ ես, եթե փորձում ես ինքուրույնություն ցուցաբերել, քեզ կարող են դարձնել «изгой» պետություն: Բանաձևն առավելագույնս պարզ է և ցինիկ:

Ժամանակակից իմաստով, դեմոկրատիան հեռացել է իր սկզբնական ակունքներից: Դեմոկրատիան՝ որպես կառավարման մոդել, ի սկզբանե ունեցել է, պետական կառավարման ավելի մասնակցայնությունն ընդլայնելու միջոցով պետությունը հզորացնելու նպատակ, այնինչ՝ ժամանակակից դեմոկրատիան դարձել է արևմտյան լիբերալիզմի մահակը սեփական քաղաքական շահերը առաջ մղելու գործընթացում, ըստ էության, աշխարհի մի մասի ձեռքի մահակը, որը կիրառվում է աշխարհի մյուս մասի նկատմամբ՝ ըստ անհրաժեշտության:

Եթե ընթերցողի մոտ տպավորություն ստեղծվեց, որ ես այս աշխատությունով փորձում եմ սևացնել դեմոկրատիան, և որ ավելի վատ է՝ ես դեմ եմ դեմոկրատիային, ապա շտապեմ հերքել այդ տպավորությունը: Ես դեմ չեմ դեմոկրատական կառավարման համակարգին ընդհանրապես: Այս աշխատությունում փորձում եմ ձեզ ներկայացնել ժամանակակից դեմոկրատիայի այն մութ կողմերը, որոնք սովորաբար չեն լուսաբանվում, կամ լուսաբանվում են այնպիսի ծայրահեղականների կողմից, որ վերածվելով ագրեսիվ հակաքարոզի՝ կորցնում են իրենց հավաստիությունը: Համեմատությամբ փորձեմ պարզաբանել միտքս: Ես քրիստոնյա եմ՝ Հայ առաքելական եկեղեցու հետևորդ: Քրիստոնեությունը դարերի ընթացքում անցել է տարբեր փորձությունների միջոցով: Այն, ինչ իրականացվում էր միջնադարյան ինկվիզիցիայի ժամանակահատվածում, իմ կարծիքով, որևէ կապ չունի քրիստոնեության գաղափարի հետ: Ինկվիզիցիան ուղղված էր եկեղեցու աշխարհիկ դիրքերն ամրապնդելուն: Հավատաքննությունը բացառում էր ազատ կամքով եկեղեցի գալու հաճելի զգացումը: Չնայած հանուն արդարության՝ նշեմ, որ ամենադաժանը համարվող իսպանական ինկվիզիցիան իր գոյության ընթացքում մահապատժի է ենթարկել մոտավորապես 1200 մարդու, մոտավորապես այդքան քաղաքացի է  տարեկան առանց դատի ու դատաստանի գնդակահարում ԱՄՆ-ում ոստիկանությունը մեր օրերում, այնպես որ՝ ինկվիզիցիայի դաժանությունը պետք է դիտել համեմատության մեջ:

Նույնը հիմա կատարվում է լիբերալիզմի հետ: Ես դեմ չեմ լիբերալիզմին, ինչպես դեմ չեմ ցանկացած քաղաքական գաղափարի: Ես դեմ եմ ցանկացած քաղաքական գաղափարը որպես միակ ճշմարիտ հանրությանը պարտադրելուն: Ես դեմ եմ քաղաքական գաղափարի անվան տակ աշխարհի նվաճմանն ու ծնկի բերմանը: Այսպիսով, այս աշխատության հասցեատերն, առաջին հերթին, լիբերալ աշխահարհայացքով մարդիկ են, ինչպես ինկվիզիցիայի քննադատությունը մշտապես եղել է ու կլինի քրիստոնյաների ականջների համար: Ժամանակակից լիբերալիզմը, և այն ինչ անվանվում է դեմոկրատիա, հիշեցնում է ագրեսիվ կրոն: Լիբերալիզմն Աստված է, ում գործերն անքննելի են: Վարձու քարոզիչները՝ ՀԿ-ների տեսքով ամենուր շեփորահարում են լիբերալիզմի գործած հրաշքների մասին և մարդկանց քարոզում են հավատալ միմիայն լիբերալիզմին, քանի որ մնացած բոլոր քաղաքական աստվածները սուտ են, իսկ ով չի հավատում լիբերալիզմի հաղթանակին, նա անպայման կպատժվի: Մարդկանց նաև մոլորեցնում են այն ստով, որ այն երկրները, որոնք ընդունել են լիբերալիզմի կրոնը, ապրում են երջանիկ ու անհոգ, իսկ բոլոր այն երկրները, որոնք լիբերալ չեն տառապում են աղքատության, գործազրկության, հանցագործության և կոռուպցիայի ճիրաններում: Իհարկե, լռում են, որ ավանդական լիբերալ երկրներում կա հանցագործության ահռելի մեծ թվեր՝ համեմատած ոչ լիբերալ պետությունների հետ, որ անպատժելիությունը լիբերալ երկրներում արտահայտվում է թանկարժեք փաստաբան վարձելու կարողությամբ, որ այնպես չէ, թե լիբերալ երկրներում բոլորն ունեն հավասար հնարավորություններ և իրավունքներ: Իհարկե, վարձու քարոզիչներն իրենց տերերի պատվերով թաքցնում են իրականության դառը հատվածները և հնարավորինս ստերով քաղցրացնում են լիբերալիզմի մասին իրենց ներկայացրածը, բայց տասնյակ տարիների ստի քարոզը տալիս է իր արդյունքները: Մարդիկ սկսում են հավատալ որ լիբերալիզմը միակ ճիշտ քաղաքական ուղղությունն է, որը կարող է բերել զարգացման, մարդիկ հավատում են, որ լիբերալիզմի այլընտրանքն ավտորիտարիզմն է, որ դեմոկրատիան լիբերալների մենաշնորհն է և նմանատիպ այլ անհեթեթությունների:

Մարդկանց, իհարկե, չեն տեղեկացնում, որ «դեմոկրատիա» բառն այսօր օգտագործվում է կազմակերպված և ագրեսիվ փոքրամասնությունների ձևավորման նպատակով: Մարդկանցից խնամքով թաքցնում են, որ ուղղակի դեմոկրատիան կարող է փորձանք դառնալ պետության, հանրության, առանձին մարդկանց ճակատագրերի համար, այդ նույն մարդկանց, ում լիբերալները հռչակում են գերագույն արժեք: Մարդկանց չեն ասում, որ դեմոկրատիան պետք է լինի ոչ թե ուղիղ, այլ միջնորդավորված, այսինքն՝ հանրային կյանքում ամեն բան չի կարող որոշել ագոռան: Դա նույնը կլինի, եթե ամեն թռիչքից առաջ ուղևորները քվեարկությունով իրենց միջից ընտրեն օդաչուին, կամ հիվանդները քվեարկությամբ ընտրեն իրենց վիրահատող բժիշկին, կամ էլեկտրաէներգիա սպառողները քվեարկությամբ ընտրեն ատոմակայանի ինժեներին: Դեմոկրատիան անվտանգ է, եթե ժողովրդի իշխանությունն իրականացվում է միջնորդավորված, այլ ոչ թե ուղիղ թելադրանքով: Քանի որ խոսք գնաց, ասեմ, որ ուղիղ դեմոկրատիան, կամ ինչպես ես եմ ասում՝ վայրի դեմոկրատիան հատուկ է հետհեղափոխական փուլ հաղթահարող պետություններին, երբ հեղափոխությունից հետո ագոռան սկսում է միջամտել երկրի կառավարման բոլոր հարցերին՝ անկախ նրանից, թե որքանով է գլուխ հանում տվյալ հարցից և արդյունքում ճիշտ, թե սխալ որոշում է կայացնում: Ուղիղ դեմոկրատիան կամ ագոռակրատիան վաղ թե ուշ հանգեցնելու են պետության թուլացմանը, հանցագործության աճին և որպես կանխատեսելի հետևանք՝ կործանմանը: Իշխանությունը հանձնել ագոռային և դրա անունը դնել դեմոկրատիա ոչ այլ ինչ է, քան դավաճանություն սեփական երկրի, սեփական ժողովրդի նկատմամբ:

Մարդկանց չեն ասում, որ ագրեսիվ, կազմակերպված փոքրամասնությունները դեմոկրատական ընտրությունների ժամանակ կարող են որոշել ընտրությունների ելքն՝ ըստ իրենց պատվիրատուի քաղաքական քմահաճույքի:

Մարդկանցից թաքցնում են, որ լիբերալ ֆաշիստների համար դեմոկրատիան դա քանակի իշխանությունն է որակի նկատմամբ:

Մարդկանց չեն ասում, որ պատմության ընթացքում երբեք որևէ բան արագ չի կառուցվել, արագ միայն քանդում են և ոչնչացնում, այսինքն՝ կառուցել հնարավոր է էվոլյուցիոն ճանապարհով, իսկ հեղափոխականությամբ՝ միայն քանդել ու ոչնչացնել:

Այս և բազմաթիվ այլ թեմաների շուրջ եմ զրուցելու իմ ընթերցողի հետ: Հիմնականում դրանք լինելու են այնպիսի թեմաներ, որոնց մասին հեռուստացույցով չեն խոսում, որոնք ոչ միայն չեն լուսաբանվում, այլ նույնիսկ հետևողականորեն լռեցվում են:

Ի տարբերություն Պոպպերի, ես չեմ փախել իմ օկուպացված երկրից: Ես ճաշակում եմ լիբերալ ֆաշիստական իշխանության հետապնդումները, հալածանքները, բանտարկությունները ու շարունակում եմ խոսել այն ամենի մասին, ինչը համարում եմ կարևոր: Հանուն արդարության նաև նշեմ, որ ի տարբերություն այն ժամանակահատվածի, երբ Պոպպերը սկսեց գրել իր «Բաց հասարակությունը և նրա թշնամիները» աշխատությունը, ես իմ աշխատությունը գրում եմ այն ժամանակ, երբ լիբերալ ֆաշիզմը որպես քաղաքական ուղղությունը արդեն վերածվել է դատարկախոս պոպուլիզմով տառապող քաղաքական ձախողված առաջնորդների ակումբի, պարտվել և սննկացել է: Ըստ էության, այս աշխատությունը ռեքվիեմ է՝ նվիրված միջազգային լիբերալիզմին և նրա ապօրինի զավակ լիբերալ ֆաշիզմին:

Հեղափոխական եղանակով, այսինքն՝ արագ հնարավոր չէ ոչինչ կառուցել, արագ հնարավոր է միայն քանդել: Կառուցում են երկար՝ էվոլյուցիոն մեթոդով, քանդում են արագ՝ հեղափոխությամբ: Աշխարհին հայտնի չէ որևէ հեղափոխություն, որն ինչ-որ բան է կառուցել: Քանդելու հեղափոխական էյֆորիան շաղկապված է մարդու՝ ոչնչացնելու բնազդի հետ:


Поделиться
Класс