News

sedrf_QMBSh.png
11 23, 2022

«Լիբերալ ֆաշիստական գործակալական ցանցը և դրա դեմ արդյունավետ պայքարի մեթոդիկան»․ Գլուխ 1․ Մաս 1-ին

 

     Լիբերալիզմ. ծագումից մինչև համաշխարհային գործակալական ցանց

     Աշխարհը բազմազան է տեսակետների առումով: Նույն երևույթի շուրջ կարող են գոյություն ունենալ տարբեր դատողական մակարդակի տեսակետներ: Հեշտության համար տեսակետները կարելի է բաժանել երկու պայմանական մասի՝ գիտական, որոնք հիմնված են փաստացի ապացուցողական բազայի վրա, և կրոնական: Վերջին խմբում ներառենք այն տեսակետները, որոնց հիմքում բացակայում է ապացուցողական բազան, և նման տեսակետները հիմնված են հավաստիության նկատմամբ հավատի վրա: Գիտական տեսակետը՝ թեզի հիմքը, ոչ թե այդ թեզի ի սկզբանե և անքննարկելի ճշմարտացիություն է, այլ այդ թեզի սխալականության անընդհատ ապացուցումը: «Վեճի մեջ է ծնվում ճշմարտությունը» ասացվածքը, որը վերագրվում է Սոկրատեսին, արտացոլում է վեճի մեջ ծնված ճշմարտության գիտական՝ փաստային հենքը: Ընդ որում, վեճը, որպես այդպիսին, այս պարագայում պետք չէ ընկալել որպես բառացի երևույթ: Գիտական վեճեր կան, որոնք տևել են հազարամյակներ: Գիտնականները վիճել են իրենցից հազարավոր տարիներ առաջ ապրած մտածողների հետ՝ ավելացնելով նրանց առաջ քաշած գաղափարներին իրենց հետազոտությունների արդյունքները կամ հակառակը՝ հերքելով դարեր առաջ ծնված և դարեր շարունակ ճշմարտություն համարվող գաղափարը: Գիտական-փաստական ճշմարտությունն անընդհատ անցնում է ժամանակի քննությունը: Գիտական-փաստական ճշմարտությունների հետ աշխատող մարդիկ հավասարաչափ ուրախ են լինում լսել թե իրենց թեզն ապացուցող նոր փաստարկները և թե դրանք հերքողները:

Ի տարբերություն գիտական-փաստական գաղափարների, կրոնները հիմնված են դոգմաների վրա: Կրոնական ճշմարտությունները կրոնական հետևորդների համար համարվում են անքննելի և բացարձակ ճշմարտություններ: Կրոնական թեմաներով ապացուցողական բանավեճերը համարվում են ճշմարիտ Աստծո հետ բանավիճելու հանդգնություն, իսկ նման ցանկություն հայտնողներն իսկույն մեկուսացվում են այդ կրոնական համայնքից՝ հռչակվելով հերետիկոսներ, անհավատներ, գյավուրներ, պիղծեր, հերձվածողներ, աղանդավորներ և այլն: Այսինքն՝ կրոնական միջավայրում ընդունված չեն ճշմարտության փնտրտուքները, քանի որ եթե մարդը հարում է որևէ կրոնի, ապա նա արդեն իր համար գտել է վերջնական և բացառիկ ճշմարտությունը: Այսպիսով՝ կրոնական ճշմարտություններն իրենց հետևորդների շրջանում համարվում են բացառիկ, անքննելի և վերջնական ճշմարտություններ՝ բացառելով դրանց շուրջ որևէ վեճ: Պատմության ընթացքում տեղի են ունեցել կրոնական անհանդուրժողականության բավական արյունալի դրսևորումներ: Որպեսզի չկենտրոնանանք առանձին որևէ կրոնի վրա, նշեմ, որ դրանք իրականացվել են համարյա բոլոր հիմնական կրոնական ուղղությունների կամ դրանցից ծնված աղանդների կողմից:

Հանրային քաղաքականությունը քաղաքագիտության, հասարակագիտության, տնտեսագիտության և այլ գիտությունների փնջային կիրառությունն է: Հանրային քաղաքականությունը երբեք չի կարող կառուցվել դոգմաների, առաջնորդի կամ գաղափարախոսության անսխալականության հիմքի վրա: Իշխանություն ունեցող բոլոր այն քաղաքական ուղղությունները, որոնք հիմնվել են առաջնորդի անսխալականության վրա, շատ արագ վերածվել են բռնապետությունների, և բոլոր այն քաղաքական ուղղությունները, որոնք, հիմնվելով սեփական բացառիկության և անսխալականության վրա, որպես դրա հաջորդ տրամաբանական քայլ քարոզել են անհանդուրժողականություն այլակարծության հանդեպ՝ սպանելով ճշմարտության մայր համարվող վեճը,  կարճ ժամանակ անց վերածվել են ֆաշիզմի այս կամ այն դրսևորման: Սա վերաբերում է բոլոր քաղաքական ուղղություններին՝ առանց բացառության, հատկապես՝ լիբերալիզմին, որովհետև լիբերալիզմն այս առումով բացառիկ ցինիկ է՝ լինելով ազատության քարոզիչ, սակայն միջնադարյան ինկվիզիցիայի եռանդով լռեցնելով ցանկացած ազատ քննադատություն իր նկատմամբ:

Լիբերալ ֆաշիստները կարող են քննադատել ցանկացած քաղաքական ուղղություն: Ընդ որում, այդ քննադատությունը շատ հաճախ կարող է լինել կեղծ ու հակագիտական և ավելի շուտ ոչ թե քննադատություն է, այլ ցանկացած այլ կարծիքի, տեսակետի ծաղր և լռեցում, սակայն երբ հերթը հասնում է իրենց քաղաքական Աստծո՝ լիբերալիզմի հետ կապված որևէ հարցի, նրանք իսկույն դառնում են ծայրահեղ անհանդուրժող, հռչակում են լիբերալիզմը որպես բացարձակ և վերջնական ճշմարտություն, լիբերալիզմի դեմ կարծիք հայտնողին հռչակում են կոռուպցիոներ, ծախված, անգրագետ, հետամնաց և լսել անգամ չեն ցանկանում որևէ հակափաստարկ:

Ըստ էության, իտալական ֆաշիզմը, գերմանական նացիզմը սկսեցին համաշխարհային վտանգ ներկայացնել այն պահից, երբ այդ երկրներում հռչակվեցին որպես միակ ու բացարձակ ճշմարտություն, և սկսվեց ամբողջ աշխարհին այդ գաղափարախոսության պարտադրանքի փուլը, ինչի հետևանք էր երկրորդ համաշխարհային պատերազմը: Այսինքն՝ այն պահից, երբ քաղաքական (իսկ ցանկացած քաղաքական գաղափարախոսություն ունի գիտական, այլ ոչ թե կրոնական հենք) գաղափարախոսություն, հոսանք այդ գաղափարի ադեպտների կողմից հռչակվում է որպես միակ ու բացարձակ ճշմարտություն և սկսվում է պարտադրվել մյուսներին, այդ պահից տվյալ քաղաքական հոսանքի անվանման առջև համարձակորեն կարելի է ավելացնել «ֆաշիզմ» բնորոշիչ բառը:

Լիբերալների մոտ՝ այդ նույն լիբերալների, ովքեր իբր պայքարում են մարդու ազատ ընտրության իրավունքի համար, իսպառ բացակայում է, այսպես կոչված, ազատության առաջին տեղում գտնվող դրսևորումը՝ քաղաքական ընտրության ազատությունը, որից, ի դեպ, բխում են մնացյալ ազատությունները: Ժամանակակից լիբերալները քարոզում են, որ մարդը պետք է ազատ լինի ամեն ինչում և բոլոր հարցերում, սակայն նույն մարդը, օգտվելով իր ազատությունից, եթե որևէ այլ քաղաքական հոսանքի մեջ է հայտնվում, ենթարկվում է ծաղրի, հետապնդումների և հալածանքների նույն «ազատասեր» լիբերալների կողմից: Ստացվում է, որ լիբերալիզմը պարտադրվող ազատություն է: Բանակում նման երևույթները հեգնանքով անվանում են կամավոր-պարտադիր աշխատանքներ՝ добровольно-принудительные работы: Քաղաքականության մեջ լիբերալիզմը վաղուց արդեն վերածվել է պարադոքս հիշեցնող պարտադրված ազատության:

Լիբերալիզմի մասին հազարավոր գիտական աշխատություններ կան, որոնք ուսումնասիրում և բացահայտում են այդ քաղաքական ուղղության բոլոր ասպեկտները: Այս հետազոտության շրջանակներում զերծ կմնամ լիբերալիզմի մասին շատ մանրամասն տեղեկատվություն ներկայացնելուց: Նախ՝ այն պատճառով, որ դա շատ ծավալուն և առանձին մի քանի հետազոտությունների թեմա կարող է դառնալ, իսկ այդ թեմայով ծանրաբեռնել ընթերցողին չեմ պատրաստվում, որպեսզի չշեղվեմ բուն ասելիքից, սակայն համառոտ կներկայացնեմ լիբերալիզմի մասին որոշ անհրաժեշտ տեղեկատվություն, որպեսզի հետագա շարադրանքի մասին ընթերցողը կարողանա ամբողջական պատկերացում կազմել:

Եվ այսպես, լիբերալ (ազատական) քաղաքական ուղղությունն առաջին անգամ որպես քաղաքագիտական բանաձև փորձեց ձևակերպել իր աշխատություններում Ջոն Լոքը («Նամակ հանդուրժողականության մասին»՝ “A Letter Concerning Toleration”, 1689): Ի սկզբանե խոսքը գնում էր կրոնական հանդուրժողականության մասին: Ի դեպ, Լոքը հանդիսանում էր բողոքական եկեղեցու հետևորդ: Հետագայում Լոքը փորձեց սահմանել տնտեսական ազատականության գաղափարը, որը հիմք հանդիսացավ տնտեսական լիբերալիզմի ստեղծման համար: Չնայած նրան, որ Լոքի պնդումներում կային հեքիաթային և անիրական մտքեր, օրինակ՝ ապրանքի գնագոյացման՝ Լոքի տեսությունը ենթադրում էր ապրանքի գնի որոշում ըստ այդ ապրանքի ստեղծման վրա ծախսված աշխատանքի: Ըստ այդ սկզբունքի, բնությունից տրված ապրանքները, օրինակ՝ հանքանյութերը (ոսկի, ադամանդ) պետք է լինեին անվճար կամ համարյա անվճար, ինչը, բնականաբար, երբևէ իրական կիրառություն չունեցավ, սակայն պետք է նշել, որ Լոքը ազատականության, թեկուզ՝ դրա տնտեսական իմաստով, առաջին ձևակերպողն էր: Հատուկ ցանկանում եմ ընդգծել, որ լիբերալիզմի ստեղծման ակունքներում խոսք անգամ չի եղել լիբերալիզմի քաղաքական կիրառության մասին: Քաղաքական լիբերալիզմը Լոքի տեսության էվոլուցիոն հաջորդ կանգառն էր: Լիբերալիզմը ստեղծվել է որպես ազատ շուկայական հարաբերությունների բացառապես տնտեսական կառավարման մոդել, որը սահմանում էր պետության ներսում տնտեսական հարաբերությունների բացարձակ կամ հնարավորինս շատ ազատությունը պետությունից և պետական բյուրոկրատիայից: Ըստ այդ գաղափարախոսության, պետության կարգավորիչ դերը տնտեսական գործառույթներում նվազում էր, և, ի վերջո, տնտեսությունը սկսում էր ինքնակարգավորվել: Իրական կյանքը ցույց տվեց, որ պետության կարգավորիչ դերի լիակատար սահմանափակումը ուտոպիա է, հակառակը՝ նույնիսկ ժամանակակից աշխարհի լիբերալիզմի փարոս հանդիսացող երկրներում պետության կարգավորիչ դերը շարունակում է մնալ հսկայական: Վերադառնալով մեր օրեր՝ անհրաժեշտ եմ համարում նշել, որ ազատական տնտեսության լավագույն օրինակ հանդիսացող ԵՄ տարածքում տնտեսության ազատության մասին հայտարարություններն այնքան էլ չեն համապատասխանում իրականությանը: ԵՄ անդամ երկրների տնտեսությունների ուղղությունները հստակ քվոտավորվում և որոշվում են ԵՄ կառավարող մարմիններում: Դա արվում է այն նպատակով, որպեսզի ԵՄ երկրները, որոնք բաժանված են զարգացվածության գոտիների, տնտեսական առումով միանման գործունեությամբ չզբաղվեն: Այսինքն՝ ԵՄ կառավարությունն է նախապես որոշում, թե ԵՄ որ երկիրն իր տնտեսության որ ճյուղը զարգացնի և որքան: Կառավարության կողմից տնտեսության կարգավորման և անհարկի միջամտությունները երբեմն անեկդոտիկ իրավիճակների են բերում: Օրինակ՝ հայտնի բուլղարական պղպեղ աճեցնելու քվոտան ԵՄ որոշմամբ Բուլղարիայից վերցրեցին և հանձնեցին Իսպանիային, այնպես որ, պսևդոլիբերալների տնտեսական կոշտ միջամտությունների շնորհիվ, բուլղարական կոչվող պղպեղն աճեցվում է Իսպանիայում:

Ինչ վերաբերում է քաղաքական առումով պետության կարգավորիչ դերի սահմանափակմանը, ապա այստեղ ևս լիբերալիզմը, կարծես, չի աշխատում: ԱՄՆ-ում, որտեղից դեպի ամբողջ աշխարհ է ճառագում լիբերալիզմը, խիստ մեծ է պետության միջամտությունը՝ սկսած քաղաքացու անձնական կյանքից մինչև քաղաքական ազատությունների սահմանափակումներ: Իրականում ԱՄՆ-ում ապրող մարդկանց անհասանելի է ընտրության հնարավորությունը ամենատարբեր, նույնիսկ՝ շատ սովորական հարցերում: Այդ առումով, ԱՄՆ-ի հասարակությունը վերածված է սպառողական հասարակության, և, իմ սուբյեկտիվ կարծիքով, բացի Harley-Davidson մոտոցիկլետներից, ԱՄՆ-ի տնտեսությունը՝ որպես այդպիսին, որևէ լուրջ բարիք չի ստեղծում:

Եզրակացնենք, որ Լոքի բանաձևած տնտեսական ազատությունների մասին մտքերը մնացին հայտարարությունների մակարդակի և այդպես էլ իրենց կիրառումը չստացան, սակայն այդ մտքերը տեղ են գտել ժամանակակից տնտեսագիտության դասագրքերում և դասավանդվում են որպես տնտեսության կառավարման ամենաարդյունավետ ձև: Հետևաբար, տնտեսագետները, ովքեր սովորում են լիբերալների գրած գրքերով, գործնականում լիբերալ տնտեսությունից բացի, այլ տնտեսական մոդելի հետ աշխատել չեն կարող:

Լիբերալիզմի էվոլուցիոն հաջորդ կանգառը քաղաքական լիբերալիզմն էր: Ազատական տնտեսության գաղափարները 18-րդ դարի անգլոսաքսոնական քաղաքական փիլիսոփաների կողմից տրանսֆորմացվեցին, հարմարեցվեցին քաղաքական ոլորտին: Եթե, ըստ Լոքի, տնտեսությունը կարող է ազատ լինել պետության կարգավորիչ գործառույթից և զարգանալ, ապա ի՞նչն էր խանգարում նույն սկզբունքը կիրառել այլ կարևոր ոլորտներում, օրինակ՝ քաղաքականության մեջ: Պետության դերի նվազումը, ըստ քաղաքական լիբերալիզմի տեսության, պետք է հանգեցներ մարդկության բնականոն զարգացմանը: Մարդն ինքը պետք է որոշի, թե իրեն ինչ է անհրաժեշտ, և ոչ թե պետությունը դա անի իր փոխարեն: Տնտեսական լիբերալիզմը ենթադրում էր իբր շուկայի բնական զարգացում, սակայն իրական կյանքում հասարակությունները դարձնում է սպառողական: Անճաշակ, ժամանցային փոփ երաժշտությունը գալիս է փոխարինելու դասական բարձրաճաշակ երաժշտությանը, արվեստի գործեր համարվող ֆիլմերին փոխարինում են էժան նկարահանվող և դյուրամարս սերիալները: Հանրությունն անընդհատ որոնում է հեշտ ուղիներ, փնտրում է դյուրամարս ապրանքներ, և քանի որ շուկայի թելադրողը մեծամասնությունն է՝ իր ոչ ռացիոնալ ցանկություններով, ծուլություններով, ուսման նկատմամբ համատարած վատ վերաբերմունքով, ապա արդյունքում շուկան սկսում է աշխատել ծույլ, անգրագետ, հաճույքների հետևից վազող իռացիոնալ մեծամասնության պահանջները բավարարելու ուղղությամբ: Նույն բանաձևն է գործում նաև քաղաքական լիբերալիզմի պարագայում: Քաղաքական խորքային փիլիսոփայություններին փոխարինում են պարզ գործողությունների խոստումներ շռայլող պոպուլիստները: Քաղաքական միտքը, զարգացման լուրջ ծրագրերը հետզհետե սկսում են նահանջել, նրանց փոխարեն թատերաբեմ են դուրս գալիս ամբոխի սիրելիները: Հասարակությունները կորցնում են իրենց ուղենիշները, և տգետ, բայց ժողովրդի համակրանքը վայելող նավապետների հետ դուրս են գալիս բաց ծով՝ նավարկության:

Քաղաքական լիբերալիզմի էությունը մարդու՝ որպես գերագույն արժեք հայտարարումն է, այսինքն՝ պետության իրավունքի զիջումը հանուն մարդու իրավունքի: Ի դեպ, լիբերալ ֆաշիստների պարտադրանքով ամենատարբեր երկրների սահմանադրություններում ամրագրված է լիբերալիզմի կարգախոսը՝ մարդը գերագույն արժեք է: Այս պնդման համար որպես ելակետ վերցնում են այն, որ աշխարհի բոլոր մարդիկ ռացիոնալ անհատներ են: Այսինքն՝ եթե լիներ այնպես, որ աշխարհի բոլոր մարդիկ կամ գոնե նրանց բացարձակ մեծամասնությունը քաղաքականապես հասուն, կիրթ, բարձր կենսամակարդակով ապրող, աշխատասեր և բռնության նկատմամբ բացարձակ որևէ հակում չունեցող անհատներ լինեին, ապա «մարդը գերագույն արժեք է» պնդումը միգուցե կյանքի իրավունք ունենար, սակայն, ցավոք, իրականությունը կտրականապես այլ է: Իհարկե, մարդիկ լինում են շատ տարբեր: Օրինակ՝ մարդը կարող է լինել մարդասպան, գող, կոռումպացված, հանուն Սորոսի փողերի՝ նույնիսկ հարազատներին ուրացող և վաճառող, բայց այդ մասին լիբերալիզմը գերադասում է լռել: Ես հատուկ նայեցի, և պարզվում է՝ հետխորհրդային վայրի լիբերալիզմի տարիներին գրված Հայաստանի սահմանադրության մեջ ևս տեղ է գտել հատուկ հոդված՝ «մարդը գերագույն արժեք է» բարձրագոչ բովանդակությամբ, սակայն սահմանադրության տեքստի մեջ այդպես էլ չգտա այդ արտահայտության ծագումը կամ բացատրությունը: Ըստ երևույթին, լիբերալիզմի այս պոստուլատի սկզբնաղբյուրն ԱՄՆ անկախության հռչակագրում Ջեֆերսոնի այն պնդումն է, որ բոլոր մարդիկ իրավունք ունեն երջանիկ լինելու: Ի դեպ, քաղաքական փիլիսոփայությունն ԱՄՆ անկախության հռչակագրում Ջեֆերսոնի՝ «երջանկության» իրավունքի մասին կետի վերաբերյալ որևէ հստակ մեկնաբանություն առ այսօր չի կարողանում ներկայացնել: Քաղաքագետների մի մասը կարծում է, որ Ջեֆերսոնը «երջանկության» տակ նկատի ուներ բարեկեցությունը, սակայն բարեկեցությանը Ջեֆերսոնն անդրադարձել է հռչակագրում ամրագրված՝ «երջանկությանը» նախորդող մեկ այլ կետով՝ «մասնավոր սեփականության իրավունքով»: Առ այսօր բազմաթիվ անպատասխան հարցեր կան լիբերալիզմի վերաբերյալ, որոնք հնչեցնելը տաբու է, որոնք հնչեցնելու համարձակություն ունեցող մարդկանց հետապնդում և հոշոտում են նրանք, ովքեր մարդուն հռչակել են որպես գերագույն արժեք: Առ այսօր բացատրված չէ, թե ի՞նչ է նշանակում «երջանկության իրավունք», ի՞նչ է նշանակում «տնտեսական կամ քաղաքական ազատություն», և ինչպե՞ս է չափվում այդ ազատությունը, ի՞նչ է տեղի ունենում, եթե ազատությունը հակադրվում է արդարությանը, իսկ կյանքում այդպես հաճախ է տեղի ունենում, այդ պարագայում ո՞ր հասկացողությունն է դառնում գերակա: Ինչևէ, ժամանակակից լիբերալ ֆաշիստները սիրում են քողարկվել «մարդը գերագույն արժեք է»՝ այդպես էլ կիրառական նշանակություն չստացած հռչակման հետևում, սակայն իրական կյանքում վեհ արժեքներից խոսելով՝ առանց աչք թարթելու պատրաստ են զոհաբերել հազարավոր, տասնյակ և հարյուր հազարավոր մարդկանց՝ գերագույն արժեքների իրենց քաղաքական քմահաճույքներն իրականացնելու ճանապարհին: Լիբերալները պատրաստ են արյան գետեր հեղել, կործանել բոլորին և ամեն ինչ, սակայն այդ ավերածությունները և սպանությունները փաթեթավորվում են «մարդը գերագույն արժեք է» գեղեցիկ և հուզիչ ու անհասկանալի ձևակերմամբ: Հայաստանի օրինակով կարող եմ հիշատակել, որ վերջերս (27.09.2020թ.) Հայաստանը ներքաշվեց պատերազմի մեջ հարևան սուլթանական կառավարմամբ Ադրբեջանի կողմից, ինչը բերեց հազարավոր զոհերի, վիրավորների, անհետ կորած մարդկանց, գերիների և տեղահանվածների: Այս տողերը գրելուց ընդամենը մի քանի օր առաջ Հայաստանի վարչապետի ավտոշարասյունը, վրաերթի ենթարկելով, սպանեց 27-ամյա հղի կնոջ՝ սպանելով նաև նրա չծնված երեխային: Իսկ ՀՀ-ում ԵՄ դեսպան Անդրեա Վիկտորինը 20.05.2022թ. Հայաստանում անցկացվող Ժողովրդավարության հայկական ֆորումին, խոսելով գերագույն արժեք հանդիսացող մարդու իրավունքների վիճակից, չխոսեց ոչ այդ պահին ավտորիտար Ադրբեջանի բանտերում տանջամահ արվող հայ գերիներից, ոչ ավտորիտար Ադրբեջանի կողմից ժողովրդավարական Հայաստանին պարտադրված պատերազմի զոհերից, ավերածություններից, ոչ անհետ կորած մարդկանց ճակատագրերից, ոչ տեղահանված ու անօթևան մնացած մարդկանց իրավունքներից և խնդիրներից, ոչ օրեր առաջ փողոցում սպանված հղի կնոջից ու նրա՝ այդպես էլ չծնված երեխայից: Ոչ, այդ կարգավիճակում հայտնված մարդիկ, ըստ լիբերալների, «գերագույն արժեք» չեն ու երբեք չեն լինի: Տիկին դեսպանը դեմոկրատիայի ֆորումի ժամանակ խոսեց Հայաստանում սեռական փոքրամասնությունների իրավունքներից ու դրանց պաշտպանությունից: Լիբերալների երկերեսանիության այսպիսի հազարավոր օրինակներ կան, որոնք ներառում են աշխարհի ամենատարբեր երկրների փորձը: Եզրակացությունը հետևյալն է՝ լիբերալիզմի թիվ մեկ պոստուլատը՝ «մարդը գերագույն արժեք է», իրականում նշանակում է, որ իրավունքներ ունեն միայն այն մարդիկ, ովքեր անկախ իրենց կրթական ցենզից, հասունությունից, ստեղծած բարիքից՝ կիսում են լիբերալիզմի գաղափարախոսությունը, մյուս բոլոր մարդիկ, ըստ լիբերալների, ոչ միայն գերագույն արժեք չեն, այլ զուրկ են բոլոր իրավունքներից: Այո, լիբերալները իրականում թքած ունեն թե մարդու և թե մարդու իրավունքների վրա: Լիբերալների համար մարդը երբեք չի եղել ու չի լինի գերագույն արժեք: «Մարդը գերագույն արժեք է» կարգախոսն ընդամենը լեգիտիմ առիթ է միջամտելու այլ երկրների ներքին կյանքին և պարտադրելու իրենց քաղաքական կամքը: Այսպիսով, եկեք արձանագրենք, որ ժամանակակից լիբերալ ֆաշիստները, «մարդ» ասելով, նկատի ունեն բացառապես լիբերալ քաղաքական հայացքներ ունեցող մարդկանց՝ անկախ նրանց կարգավիճակից, կրթական ցենզից ու ռացիոնալության աստիճանից:

Լիբերալիզմի էվոլուցիան, անցնելով իր զարգացման երկու փուլերը, տնտեսական լիբերալիզմ և քաղաքական լիբերալիզմ, ենթարկվեց մուտացիայի և թևակոխեց հաջորդ փուլ, որը պայամանականորեն անվանենք միջազգային լիբերալիզմ: Ըստ էության, միջազգային լիբերալիզմն արդեն սոսկ քաղաքական գաղափարախոսություն չէր՝ նման այլ քաղաքական գաղափարախոսություններին, որոնց նպատակը քաղաքական շուկայում գրավիչ ներկայացվածությունն է: Լիբերալիզմը մինչև մուտացիան և մինչև համաշխարհային պարտադրանքի գաղափարախոսություն դառնալն առանձնապես վտանգավոր չէր: Այդ քաղաքական փիլիսոփայության հետ կարելի էր համաձայնվել, կարելի էր նույնիսկ չընդունել: Լիբերալիզմի մերժումը որևէ հետևանք չէր կարող առաջացնել: Մինչ մուտացիան լիբերալիզմի մասին բանավեճերը գտնվում էին քաղաքական փիլիսոփաների տիրույթում: Իրավիճակը կտրուկ փոխվեց երկրորդ համաշխարհային պատերազմից անմիջապես հետո, երբ լիբերալիզմը սկսեց պարտադրանքի ուժով արտահանվել, և սովորական քաղաքական ուղղությունը վերափոխվեց՝ դառնալով միջազգային լիբերալիզմ:

Կարդալ շարունակությունը՝ Մաս 2-րդ


Поделиться
Класс