
«Լիբերալ ֆաշիստական գործակալական ցանցը և դրա դեմ արդյունավետ պայքարի մեթոդիկան»․ Գլուխ 1․ Մաս 2-րդ
Կարլ Պոպպերը՝ որպես միջազգային լիբերալիզմի հիմնադիր
Քաղաքական գաղափարախոսությունները ժամանակակից աշխարհում սուր բանավեճերից հաճախ են վերածվում լոկալ արյունալի բախումների և լայնամասշտաբ պատերազմների: Անտիկ քաղաքական փիլիսոփաների աշխատություններն առ այսօր դառնում են քաղաքակրթական կատաղի հակամարտությունների առիթ: Մարդկությունը շարունակում է ճշմարտության որոնումները՝ քաղաքակրթության խռովահույզ ծովում որպես փարոս ունենալով ճշմարիտ և արդար քաղաքակրթության հասնելու նպատակ: Անտիկ ժամանակներից բազմաթիվ մտածողներ փորձել են պատասխանել այն հարցին, թե որն է մարդկության քաղաքակրթական ճշմարիտ ձևաչափը: Այդ փիլիսոփաների առաջարկած մտքերի հիման վրա է խարսխված ժամանակակից մարդու այսօրվա առօրյան: Քաղաքական փիլիսոփաների վեճը ժամանակ և տարածություն չի ճանաչում: Հազարավոր տարիներ առաջ ապրած փիլիսոփայի տեսակետի հետ վիճում են ժամանակակից քաղաքական փիլիսոփաները: Վիճաբանություններն ընթանում են այնպես, կարծես երկու կողմերն էլ այսօր ներկա են այդ բանավեճին: Ճշմարտության փնտրտուքը հիմնված է նախկին տեսակետների անվերջ խմբագրման գործընթացի վրա:
Մինչ քաղաքական փիլիսոփայության տեսակետներին անդրադառնալն անհրաժեշտ է տարանջատել քաղաքական գործիչներին, նույնիսկ համաշխարհային մասշտաբի քաղաքական գործիչներին՝ քաղաքական փիլիսոփաներից: Քաղաքական գործիչներն, ըստ էության, քաղաքական փիլիսոփաների մտքի առաջնային սպառողներն ու քաղաքական տեսության կիրառողներն են, իսկ երբեմն էլ՝ քաղաքական փիլիսոփայության սպեկուլյանտները: Չէ՞ որ հաճախ է լինում, որ քաղաքական գործիչը, քաղաքական բիզնեսով զբաղվող անձը վերցնում է քաղաքական փիլիսոփաներից որևէ մեկի աշխատությունները, ընտրողաբար ներկայացնում է հանրությանն այդ աշխատություններից այն տողերը, որոնք հաստատում են իր իրավացիությունը, և ընտրում է այդ աշխատություններից այն մտքերը, որոնք չի հասկանում, կամ որոնք կվնասեն իր քաղաքական ծրագրերին: Ռեալ պոլիտիկում այս կամ այն քաղաքական գործչին խորապես հասկանալու համար անհրաժեշտ է առաջին հերթին պարզել, թե քաղաքական որ գաղափարախոսության հետևորդն է նա: Այս գիրքը ընթերցողի դատին հանձնելուց առաջ փորձել եմ հասկանալ, թե ինչ է քարոզում քաղաքական բիզնեսմեն, օլիգարխ Ջորջ Սորոսը: Ջորջ Սորոսին հասկանալու համար ուսումնասիրել եմ նրա ուսուցչի՝ Կարլ Պոպպերի աշխատությունները, իսկ Կարլ Պոպպերին հասկանալու համար վերընթերցել եմ Պլատոնին: Ընթերցողի մոտ որևէ անպատասխան հարց չթողնելու նպատակով հերթականությամբ ուսումնասիրել եմ այն քաղաքական տեսաբաններին, որոնց հետքով հակառակ կողմից հասել եմ ժամանակակից քաղաքական սպեկուլյանտ Ջորջ Սորոսի գործունեությանը: Մի փոքր մանրամասնեմ այս հատվածը: Ջորջ Սորոսն իրականում Կարլ Պոպպերի աշակերտը կամ հետևորդը չէ: Նա ուղղակի, ինչպես վերը նշել եմ, որպես քաղաքական սպեկուլյանտ՝ վերցրել է Կարլ Պոպպերի բաց հասարակությունների տեսությունից իր բիզնեսին հարմար մի քանի հատված և անխնա շահարկում է Կարլ Պոպպերի անունը, քանի որ նույնիսկ ամենատրիվիալ քաղաքական առևտրի համար որպես բրենդ անհրաժեշտ է քաղաքական լուրջ գաղափարախոսություն, ցանկալի է՝ ճանաչված և աշխարհահռչակ քաղաքական տեսաբանի արտադրության: Կարլ Պոպպերը օլիգարխ Սորոսի համար հանդիսացավ այն հենման կետը, որի վրա օլիգարխը կառուցեց իր հիմնական արյունոտ բիզնեսը, որը կլանեց հարյուր հազարավոր, նույնիսկ միլիոնավոր մարդկանց կյանքեր ամբողջ աշխարհում: Կարլ Պոպպերն, անշուշտ, իր աշխատությունններում որևէ նման նպատակ չուներ: Մի կողմ թողնելով Պոպպերի տեսության վիճելի կողմերը՝ փաստենք, որ նրա նպատակները միանգամայն բարի էին: Նա ցանկանում էր ստեղծել աշխարհ՝ առանց բռնության և պարտադրանքի, սակայն այդ տեսությունը, հայտնվելով ընչաքաղց օլիգարխի ձեռքում, դարձավ սեռական այլանդակությունների, մանկապղծության թմրամոլության քարոզի, ահաբեկիչների ֆինանսավորման, ահաբեկչական խմբերի հավաքագրման, արյունալի պատերազմների, ողբերգությունների գեներացման կենտրոն: Կարլ Պոպպերն իր ամենահայտնի՝ «Բաց հասարակությունը և նրա թշնամիները» աշխատության մեջ որևէ տառ անգամ չի գրել այն ամենի մասին, ինչը նրա անունից և այդ աշխատությանը հղում անելուվ՝ այսօր իրականացնում են նրա ժառանգության քաղաքական սպեկուլյանտները: Նախ՝ մի քանի բառով նկարագրեմ, թե երբ և ինչ պայմաններում է գրել իր այդ աշխատությունը Կարլ Պոպպերը:
1939 թվականին սոցիոլոգ փիլիսոփա Կարլ Պոպպերը սկսում է գրել իր «Բաց հասարակությունն ու նրա թշնամիները» աշխատությունը: Գիրքը ավարտին է հասցնում տարիներ անց՝ 1945-ին, Նոր Զելանդիայում, որտեղ արտագաղթել էր՝ փախչելով նոր սկսվող աշխարհամարտի մեջ ներքաշված Վիեննայից: Ազգությամբ հրեա Կարլ Պոպպերը տեղափոխվում է Նոր Զելանդիա՝ փախչելով երրորդ Ռեյխի հնարավոր հետապնդումներից: Այդ օրերին Կարլ Պոպպերն իրեն համարում էր նացիոնալ սոցիալիզմի գաղափարական հակառակորդը, և նրա գտնվելը Ավստրիայում մեծապես վտանգավոր էր փիլիսոփայի կյանքի համար: Պոպպերը գաղափարական քննադատության էր ենթարկում ավտորիտարիզմը, քննադատում էր թե Ստալինի և թե Հիտլերի կառավարման համակարգերը: 1939 թվականին ստորագրված Մոլոտով-Ռիբենտրոպ պակտի մասին լուրը Կառլ Պոպպերը չափազանց ցավագին է ընդունում: Որպեսզի կարողանանք հասկանալ փիլիսոփայի ապրումները, որոնք արտացոլվել են նրա աշխատությունների մեջ, անհրաժեշտ է մտովի վերապրել այդ տարիների քաղաքական իրադարձությունների շունչը: Առաջին աշխարհամարտի ավարտից հետո փոփոխված ու դեռևս ամբողջապես ոտքի չկանգնած աշխարհը րոպե առ րոպե նոր փոփոխությունների էր ենթարկվում: Մի կողմից կոմունիստական գաղափարախոսությունն էր թափ հավաքում աշխարհում՝ շնորհիվ ԽՍՀՄ-ի և Ստալինի, մյուս կողմից նացիոնալ սոցիալիստները Հիտլերի գլխավորությամբ սկսում էին իրենց լայնածավալ գործողությունները՝ Եվրոպայում ակնհայտ դարձնելով ռազմական նոր մեծ կոնֆլիկտի հնարավորությունը: ԽՍՀՄ և Գերմանիայի արտգործնախարարների՝ Վյաչեսլավ Մոլոտովի և Իոահիմ ֆոն Ռիբենտրոպի կողմից վավերացված պակտը, որի հրապարակային հատվածը ենթադրում էր ԽՍՀՄ և Գերմանիայի միջև փոխադարձ ռազմական գործողություններ իրականացնելուց հրաժարումը, իսկ գաղտնի հավելվածով պայմանավորվածություն կար հետագայում աշխարհում ազդեցության գոտիների բաժանման մասին, չարագուշակ ազդեցություն ունեցավ Կարլ Պոպպերի վրա: Փիլիսոփան ենթադրում էր, որ ռազմական առումով աշխարհի ամենահզոր և ավտորիտար կառավարմամբ երկրների միացումը հանգեցնելու էր քաղաքական և ինչ-որ առումով՝ նաև քաղաքակրթական ապոկալիպսիսի: Հիտլերի և Ստալինի «սիրախաղի» մեջ Պոպպերը տեսնում էր ազատ աշխարհակարգի՝ լիբերալիզմի կործանումը: Պոպպերը կանխատեսում էր, որ Ստալին-Հիտլեր պայմանավորվածությունները մինչև վերջ կպահպանվեն և պատերազմից հետո կյանքի կկոչվեն: Ավտորիտարիզմը կհաղթի ամբողջ աշխարհում Հիտլերի դեմքով, և աշխարհին կպարտադրվի ավտորիտար կառավարման համակարգը: Ապագան ցույց տվեց, որ Պոպպերը սխալվում էր, քանի որ պակտի ստորագրումից երկու տարուց ավելի քիչ ժամանակ անց այդ պակտը խախտվեց Հիտլերի կողմից: Գերմանիան հարձակվեց ԽՍՀՄ վրա ինչով պակտը այլևս դադարեց գործել և ԽՍՀՄ-ը ներքաշվեց համաշխարհային պատերազմի մեջ ընդդեմ Գերմանիայի: Բնականաբար, Պոպպերն օժտված չէր գուշակելու կարողությամբ և չէր կարող գերբնական միջոցներով տեսնել ապագան, առավել ևս, լինելով Պլատոնի պատմականության մեծ հակառակորդ, մշտապես պնդում էր, որ ապագան նախանշված չէ և կերտվում է այսօրվա գործողությունների հաջորդականությունից և դրանց արդյունքից:
Պոպպերը որպես ելակետ էր վերցնում ներկա ժամանակով տեղի ունեցող իրադարձությունները և իր կանխատեսումները բխեցնում էր դրանցից, իսկ այդ իրադարձությունները չափազանց չարագուշակ էին: Ահա այդ չարագուշակ օրերին Պոպպերը որոշում է գրել «Բաց հասարակությունը և նրա թշնամիները» աշխատությունը՝ որպես բաց հասարակության թշնամիներ նկատի ունենալով Ստալինին և Հիտլերին, սակայն նրա անձնական վերաբերմունքը (հնարավոր է՝ նաև վախը) դեպի նշված անձինք այնքան խորն է լինում, որ նա իր ամբողջ աշխատության մեջ որևէ անգամ չի հիշատակում ոչ Ստալինի և ոչ էլ Հիտլերի անունը: Պոպպերը որպես բաց հասարակության թշնամի ներկայացնում է Պլատոնին: Իր աշխատության մեջ պատասխանում է Պլատոնին և նոր հարցեր է առաջ քաշում՝ Պլատոնի տեսության հետ կապված: Խոսքը հիմնականում գնում է Պլատոնի «Պետություն» աշխատության մասին: Պոպպերը, միայն տարիներ անց, ԽՍՀՄ փլուզումից հետո՝ հեռավոր 1992 թվականին, իր աշխատության՝ օլիգարխ Ջորջ Սորոսի կողմից հովանավորված առաջին ռուսերեն թարգմանության գլխաբանում անդրադառնում է այս հարցին և իր այս մոտեցումը փորձում է բացատրել նրանով, որ աշխատությունը գրելուց փորձել է պատասխանել բոլոր ժամանակների ավտորիտար առաջնորդներին ոգեշնչող Պլատոնի տեսությանը: Հազարավոր տարիներ անց, հեռակա վիճելով Պլատոնի հետ և սխալ հանելով վերջինիս, Պոպպերը կարծում էր, որ այդ եղանակով վերջնականապես կփակի ավտորիտար հավակնություններ ունեցողների ցանկությունները: Աշխարհը մի օր վերջնականապես կանցնի բաց հասարակության կառավարման մոդելին և վերջնականապես կհրաժարվի ավտորիտարիզմից: Այլևս երբեք և ոչ ոք հղում չի անի Պլատոնին՝ կառավարման մոդել ընտրելիս:
1939 թվականին գրվող «Բաց հասարակությունն ու նրա թշնամիները» աշխատությունն ինչ-որ առումով ռեքվիեմ էր՝ նվիրված ազատ աշխարհին և լիբերալիզմին: Պոպպերը ենթադրում էր, որ Հիտլերի և Ստալինի փոխհամաձայնությունը կտևի առնվազն տասնյակ տարիներ: Ազատ աշխարհը երկար ժամանակ գոյություն չի ունենա, և նա իր այդ աշխատությամբ փորձում էր ոչ այնքան այդ օրերին հրապարակախոսական քննադատության ենթարկել ռեալ պոլիտիկ քաղաքական առաջնորդներին, այլ կանխատեսելով կործանումը՝ փորձում էր ապագայի համար կոդավորված թողնել մի աշխատություն, որը միգուցե կօգնի տասնյակ տարիներ հետո վերակենդանացնել լիբերալիզմը և արդյունավետ պայքար իրականացնել հաստատված ավտորիտարիզմի դեմ: Պոպպերի այս ստեղծագործությունը յուրօրինակ քաղաքական «նոյան տապան» էր լիբերալ գաղափարախոսության համար, որը, քաղաքական կատակլիզմների օրերին ամուր զմռսվելուց հետո, պետք է նավարկեր փոթորիկներով ու անհայտ ծովերով՝ մինչև ջրերը կիջնեին, և եղանակային բարենպաստ պայմաններում տապանից դուրս կբերվեին լիբերալիզմի պահպանված սերմերը:
Այսօր ևս, խորքային առումով լիբերալ ֆաշիստական գործակալական ցանցի գաղափարական հենքը հասկանալու համար ավելորդ չէր լինի մի քանի բառով վերհիշել Պլատոնին և նրանից հազարավոր տարիներ հետո Կարլ Պոպպերի ձեռքով գրված պատասխան աշխատությունը: Իսկ ի՞նչ է կառավարման համակարգի առումով ասում Պլատոնը: Պլատոնի դիտարկումներն, իհարկե, վերաբերելի են իր ժամանակների կառավարման քաղաք-պետություններ կառուցվածքին: Պլատոնն ասում է, որ քաղաքակրթության լավագույն վիճակը պահպանողական կառավարման մոդելն է: Ավելի ճիշտ՝ պետությունը պետք է ձգտի կառավարման լավագույն ձևին, ապահովելով՝ իր բնակիչների համար արդարությունը: Պլատոնը բանավեճերի միջոցով նույնիսկ փորձում է ձևակերպել, թե ինչ է արդարությունը և ինչպիսի կիրառություն կարող է այն ունենալ: Պետությունն իր շարունակականության մեջ պետք է ձգտի կոնսերվացնել ամեն տեսակ լավ երևույթներ, որոնք նախկինում կիրառվել են և ձգտի ձեռքբերել ու, հետևաբար, ևս կոնսերվացնել նոր երևույթներ: Պետության ֆունկցիան պահպանելն է: Պլատոնն ասում է, որ այդ գործընթացը երկարատև է և շարունակական: Այսինքն՝ պետությունը հարյուրամյակների, միգուցե նաև հազարամյակների ընթացքում պետք է կատարելագործվի ու պահպանի ձեռքբերումները: Վերջնական կատարելագործման հասնելով՝ պետությունը պետք է պահպանի կառավարման արդարությունը: Այսինքն՝ ըստ Պլատոնի, մարդկությունը երկար ճանապարհ պետք է անցնի՝ մինչև կմոտենա իրական արդար պետության կառուցմանը: Պլատոնը հանրային շահը համարում է գերակա՝ առանձին վերցրած անհատ մարդու շահից: Սա կարևոր արձանագրում է՝ հատկապես ժամանակակից պահպանողական քաղաքական ուղղությունների համար: Ինչպե՞ս է պատասխանում Պլատոնին Կարլ Պոպպերը: Նա, հակադրվելով Պլատոնին,հայտարարում է, որ որևէ կերպ բանաձևված չէ, թե ինչ է նշանակում արդարություն: Այն, ինչ մեկի համար կարող է համարվել արդարություն, մեկ ուրիշի իրավունքների խախտում կարող է համարվել: Փոխարենը՝ Պոպպերը հայտարարում է, որ մարդու գլխավոր առաքելությունն ազատ և երջանիկ լինելն է, և պետության գլխավոր ֆունկցիան ոչ թե արդարության հաստատումն է, այլ առանին վերցրած մարդուն երջանիկ դարձնելը կամ գոնե այդ երջանկությանը չխանգարելը:
Ստացվում է՝ Պոպպերը, կասկածի տակ դնելով Պլատոնի կողմից առաջ քաշված «արդարության» կոնցեպտը, ինքն, իր հերթին, առաջ է քաշում «ազատության» և «երջանկության» կոնցեպտները, որոնք առավել ևս անհասկանալի և անբացատրելի երևույթներ են և, իհարկե, այստեղ էլ Պոպպերը չի կարողանում հստակ ձևակերպել, թե ինչ են ազատությունը և երջանկությունը, սակայն Պոպպերի դատողությունները, ինչպես Պլատոնինը, ունեն հետաքրքիր ընդհանրություն: Պոպպերը նշում է, որ իրապես ազատ և երջանիկ կարող է լինել միայն ռացիոնալ մարդը, այսինքն՝ այն մարդը, ով գիտակից է, կիրթ և փորձառու: Եթե բացարձակ ազատությունը տանք երեխային, ով ռացիոնալ չէ, նա կարող է փորձանք բերել թե իր, թե իր շրջապատի համար: Այսինքն՝ բաց հասարակությունը՝ որպես քաղաքակրթական մոդել, իրականանալի է այն դեպքում, եթե մարդկությունն անցել է տասնյակ, հարյուրավոր տարիների ճանապարհ և լիարժեք ազատություն ստանում է միայն այն դեպքում, երբ համարվում է ռացիոնալ: Որպես օրինակ բերեմ համացանցը: Այն ահռելի հնարավորություններ է ընձեռում մարդուն կրթվել, գիտելիքներ ձեռք բերել, լսել դասական երաժշտության գլուխգործոցները, այսինքն՝ իրականացնել ռացիոնալ գործունեություն, սակայն, ինչպես սոցիոլագիան է ցույց տալիս, համացանցը հիմնականում օգտագործվում է պոռնո նյութեր դիտելու, սոցցանցերով ժամանակ անցկացնելու, խաղեր խաղալու և ժամանցի այլ օրինական, իսկ երբեմն՝ նաև ապօրինի գործունեության նպատակով:
Պլատոնի և Պոպպերի մեթոդաբանական հիմնական ընդհանրությունն այն է, որ Պլատոնը ևս իր արդար պետությունը կառուցում էր ռացիոնալ՝ հենվելով ռացիոնալ մարդու վրա: Ավելի պարզ՝ Պլատոնն առաջարկում էր ուժեղացնել պետությունը՝ նրա ներսում տարանջատելով մարդկանց դերակատարումները՝ ըստ նրանց կրթության, ձգտումների և դիրքի: Ռացիոնալ մարդն արդեն կարող էր ստանձնել պետության կառավարման գործառույթ: Ցանկացած երևույթ, որը դարձնում էր պետությունը ուժեղ և արդար, անհրաժեշտ էր կոնսերվացնել (այստեղից առաջացել է կոնսերվատիզմը որպես քաղաքական ուղղություն) և փոխանցել պետության կառավարման հաջորդ սերունդին: Այսնիքն՝ ստացվում է՝ չնայած այն բանին, որ ըստ Պոպպերի, մարդն ի ծնե ստանում է իրավունքների փունջ, սակայն բաց, ազատ և երջանիկ հասարակության հասնելու համար անհրաժեշտ է, որպեսզի որոշումներ կայացնող մարդիկ լինեն ռացիոնալ: Հետևաբար, ի ծնե իրավունքներ ստացող մարդը նաև որոշակի ճանապարհ պետք է անցնի, օրինակ՝ ուսում ստանա, փորձ կուտակի և կենսագրություն ունենա, որպեսզի կարողանա Պոպպերի տեսությունը կյանքի կոչել: Այդ առումով, համարյա նույն միտքն է ասում Պլատոնը: Իհարկե, Պլատոնի կոնսերվատիվ ուղղվածությունը հաշվի առնելով՝ այդ առումով նա մի փոքր ավելի խիստ է արտահայտվում, քան Պոպպերը, սակայն նույնիսկ հաշվի առնելով ձևական տարբերությունները՝ բովանդակային ընդհանրությունն այս հարցում կատաղի հակառակորդներ Պլատոնի և Պոպպերի միջև ակնհայտ է՝ քաղաքակրթական ապագան միայն ռացիոնալ մարդու ձեռքերում է: Նորածին կամ մանկահասակ մարդը չի կարող հասկանալ, էլ ուր մնաց՝ իրացնել Պոպպերի կողմից իրեն վերագրվող իրավունքները: Նույն կերպ նորածին կամ մանկահասակ մարդը չի կարող մասնակցել պետության կայացմանը կամ արդարության հաստատմանը, ինչպես ավանդել է Պլատոնը: Ազատությունները մանկահասակ/իռացիոնալ մարդու համար կվերածվեն հաճելի երևույթներով տարվելու գործընթացի, իսկ ազատության հետ զուգահեռ պարտականությունները, որպես ոչ այնքան հաճելի երևույթներ, չեն իրականացվի: Մանկահասակ մարդու համար ազատությունն օգտակար սննդի փոխարեն ամեն օր պաղպաղակ և կոնֆետներ ուտելն է, ինչը որոշ ժամանակ անց կհանգեցնի մարդու առողջության քայքայմանը: Ազատությունը մանկահասակ մարդու համար ուսումից՝ որպես ոչ այնքան հաճելի պարտականությունից հրաժարվելն է և օրնիբուն խաղերով տարվելը, ինչը կարճ ժամանակ անց կհանգեցնի անձի դեգրադացիային: Քանի որ խոսք գնաց ուսումնական գործընթացից, ապա հարկ է նշել, որ Պլատոնի մեթոդաբանությամբ՝ արդյունավետ ուսումնական գործընթացում անպայման կան պարտադրանքի որոշակի տարրեր: Երիտասարդ կամ պատանի տարիքում մարդը, լինելով իռացիոնալ, խորապես չի գիտակցում ուսում ստանալու անհրաժեշտությունն իր ապագա կյանքի համար: Ուսումնական պրոցեսը ձանձրալի, միապաղաղ գործընթաց է, որքան էլ մարդը սիրի կոնկրետ որևէ առարկա, միևնույն է՝ ընդհանուր գիտելիքներ ստանալու համար անհրաժեշտ է անցնել ուսումնառության ամենօրյա ձանձրալի պրոցեսով: Ի դեպ, նույնը վերաբերվում է նաև առողջ ապրելակերպին, ճիշտ սննդակարգին և այլն: Ծնողի համար հաճախ դժվար է երեխային բացատրել, թե ինչու նա պետք է սնվի ոչ թե պաղպաղակով, այլ բանջարեղենով: Իռացիոնալ մարդու մոտ հաճելին և օգտակարը հոմանիշներ են: Եթե ինչ-որ բան հաճելի է, համեղ է, ուրեմն՝ դա նաև օգտակար է: Ռացիոնալ մարդն իր սննդակարգը որոշում է՝ ելնելով բազմաթիվ գործոններից. դա կարող է լինել սննդի արժեքը, կալորիականությունը, առողջարարությունը և նաև համեղ լինելը, սննդի ընդունման միջավայրը և այլն: Իռացիոնալ մարդուն միանգամայն բավարար է փողոցում պաղպաղակը ուտելով քայլելը:
Պատկերացրեք՝ եթե իռացիոնալ մարդը հնարավորություն ունենա ինքնուրույն տնօրինել ոչ միայն իր սննդակարգը, այլև սեփական ճակատագիրը: Դա, որպես կանոն, վատ հետևանքներ կունենա առաջին հերթին այդ մարդու համար, իսկ միգուցե և ոչ միայն իր համար: Իսկ հիմա եկեք ավելի վատ իրավիճակ պատկերացնենք: Պատկերացրեք, որ իռացիոնալ մարդը տնօրինում է ոչ միայն իր սեփական ապագան ու ճակատագիրը, այլ նաև մասնակցում է պետության կառավարմանը և ազդեցություն ունի նաև այլ մարդկանց, այդ թվում՝ ձեր ապագայի ու ճակատագրի որոշման գործում:
Աշխարհում հիմա կա նոր միտում, որն ակտիվ առաջ է մղվում լիբերալների կողմից՝ հնարավորինս ընդլայնել քաղաքական ազդեցություն ունեցող իռացիոնալ մարդկանց քանակը: Եթե նկատել եք, լիբերալների ու նրանց սպասարկող ուժերի, մեդիաների կողմից վերջերս ակտիվ քարոզվում է քաղաքական ընտրությունների մասնակցության տարիքային շեմի նվազեցման հարցը: Դրա նպատակը պաղպաղակ ընտրողների քանակի ավելացման հաշվին քաղաքական ազդեցության ընդլայնման հնարավորությունն է՝ հնարավորինս ընդլյանելով իռացիոնալ մարդկանց քանակը:
Իռացիոնալությունը բոլոր մարդկանց համար, առաջին հերթին, մի տարիք է, որը նորմալ հաղթահարելուց հետո նոր միայն մարդը ձեռք է բերում ռացիոնալության համար անհրաժեշտ փորձառություն և իր բոլոր ընտրություննները սկսում է իրականացնել ռացիոնալության տեսանկյունից: Կա մի ասացվածք, ըստ որի՝ «այն երիտասարդը ով հեղափոխական չէ՝ սիրտ չունի, այն հասուն մարդը ով պահպանողական չէ, ուղեղ չունի»: Ստացվում է որ լիբերալիզմն այն պաղպաղակն է, որը, թեև համեղ է, բայց որպես ամենօրյա սննդակարգ՝ ռացիոնալ չէ: Ի դեպ, ճակատագրի հեգնանք է, որ վայրի լիբերալիզմի քաղաքական հայրերից համարվող Կարլ Պոպպերն իռացիոնալ տարիքում՝ 17-18 տարեկանում տարված է եղել մարքսիստական գաղափարներով և անդամակցել է կոմունիստական կուսակցությանը. հետագայում նա խորապես փոշմանել է իր երիտասարդ տարիքի քաղաքական ընտրության համար: Այսինքն՝ ստացվում է, որ եթե այդ տարիքում Պոպպերն ունենար ընտրելու իրավունք, ապա կընտրեր կոմունիստական կուսակցությանը:
Այսքանով Պլատոնի և Պոպպերի աշխատությունների ընդհանրությունն ավարտվում է:
Միջազգային լիբերալիզմը, որպես համաշխարհային քաղաքական պարտադրանքի ուղղություն, սկիզբ առավ և ամրապնդվեց 20-րդ դարի կեսերին: Որպես քաղաքական պարտադրանքի առաջին դրսևորում՝ կարելի է նշել ԱՄՆ-ի ներխուժումը Կորեա, որը չնայած միլիոնավոր զոհերին՝ անվանվեց ոչ թե Կորեական պատերազմ, այլ ոստիկանական օպերացիա: Չխորանալով Կորեական պատերազմի ժամանակագրության մեջ՝ միայն նշեմ, որ պաշտոնական ԱՄՆ-ն ներխուժումը բացատրում էր Կորեայի ժողովրդի ազատագրմամբ և լիբերալիզացիայով: Պատերազմի արդյունքում, բացի միլիոնավոր զոհերից ու ավերածություններից, Կորեան բաժանվեց երկու մասի: Հարավային Կորեայի տնտեսական պատրոնաժը վերցրեց ԱՄՆ-ն՝ փորձելով ամբողջ աշխարհին ապացուցել, որ լիբերալ արժեհամակարգով կարելի է հասնել լուրջ տնտեսական հաջողությունների, ինչը, մեղմ ասած, ճիշտ չէ, քանի որ Հարավային Կորեայի տնտեսական հաջողությունները որևէ կապ չունեն լիբերալիզմի հետ, այլ ընդամենն արդյունք են ամերիկյան փողերի արհեստական ներարկման և ամերիկյան բիզնեսի կամավոր-պարտադիր ներկայության այդ երկրում: Հյուսիսային Կորեան լիբերալների կողմից ենթարկվեց համաշխարհային մեկուսացման և որպես արդյունք՝ այդ երկիրը գնաց այլ ծայրահեղության ճանապարհով: Ամփոփելով կորեական պատերազմը՝ նշեմ, որ այն միջազգային լիբերալիզմի՝ որպես համաշխարհային նոր քաղաքական կրոնի բռնի հաստատման, թերևս, առաջին փորձն էր, որի արդյունքում սպանվեցին միլիոնավոր «գերագույն արժեքներ» և երբեմնի միասնական երկիրը տրոհվեց երկու մասի:
1947-ից մինչև 1989թ. ԽՍՀՄ-ի և ԱՄՆ-ի միջև ծավալված սառը պատերազմը քաղաքական, գաղափարական պայքար էր կոմունիզմի և միջազգային լիբերալիզմի միջև: 42 տարի տևած գաղափարական հակամարտությունը տարբեր տարիներին կողմերին տալիս էր հնարավորություններ: Այդ ընթացքում հակամարտությունն ընթանում էր թե անարյուն «մարտերով»՝ երկու երկրների մեջ ծավալվել էր տիեզերքի յուրացման կատաղի մրցակցություն, թե բավական վտանգավոր դրսևորումներով՝ առավել հզոր միջուկային զենքի ստեղծման մրցավազքով: ԽՍՀՄ-ը փորձում էր աշխարհում տարածել կոմունիզմի գաղափարախոսությունը՝ ներգրավելով համախոհ պետություններին, այսպես կոչված, սոցճամբարի մասնակից երկրների շրջանակում: ԱՄՆ-ն հետ չէր մնում ԽՍՀՄ-ից և ինտենսիվորեն արտահանում էր իր գաղափարախոսությունը՝ փորձելով հնարավորինս շատ պետություններ հավաքել լիբերալիզմի գաղափարական հովանոցի տակ: Սառը պատերազմի հակամարտության այս ասպեկտը՝ գաղափարախոսությունների հակամարտությունը 42 տարիների ընթացքում ստանում էր կատաղի պայքարի ու հակադրության դրսևորումներ, որոնք ուղեկցվեցին ամբողջ աշխարհի համար վտանգավոր մի քանի խոշոր ճգնաժամերով, ինչպիսին 1962 թվականի Կարիբյան ճգնաժամն էր, երբ աշխարհը կանգնած էր միջուկային պատերազմի շեմին: ԽՍՀՄ փլուզումից հետո կոմունիստական գաղափարախոսությունը հիմնովին ոչնչացվեց, և միջազգային լիբերալիզմն ամբողջ աշխարհում դարձավ բացառիկ գերիշխող քաղաքական միակ կրոնը: Բոլոր այլ քաղաքական աստվածները ճանաչվեցին կեղծ կուռքեր, և ԱՄՆ-ն անարգել սկսեց լիբերալիզմի պարտադրանքը ամբողջ աշխարհին, սակայն դա արդեն լրիվ ուրիշ լիբերալիզմ էր: Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո՝ 60-ականների վերջին, քաղաքական լիբերալիզմից մուտացիայի ենթարկված միջազգային լիբերալիզմը ենթարկվեց ևս մեկ մուտացիայի՝ դառնալով լիբերալ ֆաշիզմ: Մինչ լիբերալ ֆաշիզմի բացատրությանն անցնելը՝ ևս մեկ դիտարկում. Երկրորդ համաշխարհայինից հետո անգլոսաքսոնական քաղաքական հոսանքների կողմից, հղում անելով լիբերալիզմի սկզբնական պոստուլատներին, շրջանառության դրվեց հետևյալ թեզը, որ տնտեսական լիբերալիզմը բերելու է երկրների միջև տնտեսական փոխկապակցության, որն, իր հերթին, ապագայում ոչ շահավետ կդարձնի պատերազմները տնտեսապես փոխկապակցված պետությունների միջև: Ավելի պարզ բառերով ասած՝ եթե պետության տնտեսությունը կապված է հարևան պետությունների տնտեսությունների հետ, ենթադրենք՝ ապրանքահումքային շրջանառությամբ, ապա փոխկապակցված տնտեսությունները պատերազմելու որոշման վրա որպես զսպող լծակ կգործեն, և պետությունները ձեռնպահ կմնան միմյանց հետ պատերազմելուց: Առաջին հայացքից թվում է, թե հիանալի գաղափար է՝ տնտեսապես զսպել ագրեսիվ տրամադրված երկրներին պատերազմելուց, սակայն, ըստ էության, այս թեզիսի շրջանառությամբ դեռևս 20-րդ դարի 50- ականներին հիմք դրվեց Արևմուտքի կողմից 21-րդ դարում ակտիվորեն կիրառվող տնտեսական պատժամիջոցների իրականացմանը: Մեր օրերում Արևմուտքի կողմից կիրառվող տնտեսական պատժամիջոցները լիբերալ ֆաշիզմի հարկադրանքի միջոցներ են՝ երբ մի կողմից տասնյակ տարիներ շարունակ ակտիվորեն զինվում-միլիտարիզացվում է մի երկիր, իսկ մյուս կողմից՝ տնտեսական պատժամիջոցներով հակառակորդ երկրին փորձ է արվում պարտադրել լիբերալ ֆաշիստական օրակարգ և տնտեսապես ծնկի բերել: Այս գործընթացը սկսվեց Երկրորդ համաշխարհային պատերազմից անմիջապես հետո, երբ մեկը մյուսի հետևից ստեղծվեցին տնտեսական ինտեգրացիայի միջազգային ատյաններ, լիբերալ ֆաշիստների կողմից գծվեցին լիբերալ ֆաշիստական խաղի կանոններ, որտեղ կյանքի իրավունք ունեին բացառապես լիբերալ ֆաշիստական տնտեսական գաղափարները կրող պետությունները: Այդ գծված կանոնները գայթակղիչ էին տնտեսական աճի հույս ունեցող պետություններում, և այդ կառույցներին սկսեցին անդամակցել աշխարհի տարբեր երկրներ՝ ակնկալելով իրենց երկրների համար ապահովել տնտեսական զարգացում, և երբ տնտեսական աճի քարոզի զոհերն արդեն թակարդներում էին, շրխկոցով փակվեցին թակարդների դռները՝ թակարդից/սանկցիաներից ազատելու դիմաց լիբերալ ֆաշիստական քաղաքական օրակարգի պարտադրման ուլտիմատումով: Երկրներին, որոնք ուրախ և երջանիկ մեկը մյուսի հետևից անդամակցում էին տարբեր միջազգային տնտեսական միություններին, որպես ուլտիմատում առաջարկվեց ամբողջական քաղաքական կապիտուլյացիա՝ լիբերալ ֆաշիստական ուժերի առջև:
Լիբերալ ֆաշիզմ՝ լիբերալ քաղաքական գաղափարախոսության այս պահի դրությամբ վերջին մուտացիան: Բնութագրվում է որպես ԱՄՆ-ի գլխավորությամբ հավաքական Արևմուտքի կողմից միջազգային լիբերալիզմի բռնի պարտադրանք այլ երկրներին: Լիբերալ ֆաշիզմի ազատ գործունեության համար ամբողջ աշխարհում ստեղծվել և գործարկվել են լրջագույն ինստիտուտներ՝ մարդու իրավունքներով զբաղվող իրավապաշտպաններից մինչև միջազգային ամենատարբեր ոլորտի և ատյանի դատարաններ: Հիշեցնեմ, որ լիբերալ ֆաշիստները ժառանգել են «մարդը գերագույն արժեք է»՝ իրականության հետ որևէ կապ չունեցող թեզը և այդ թեզի պարտադրանքով ասպատակում են բոլոր անհնազանդ երկրները: Բնականաբար, թիրախավորվում են այն պետությունները, որոնք փորձում են դիմադրել լիբերալ ֆաշիստներին: Այդ պետությունների ղեկավարները հռչակվում են ավտորիտարներ և կոռուպցիոներներ, առանձին դեպքում՝ այդ պետությունների քաղաքական ղեկավարության դեմ միանում է աշխարհի ամենահզոր քարոզչամեքենան: Անհնազանդ պետություններում հայտնաբերվում են մարդու իրավունքների զանգվածային խախտումներ և այլն, շարունակությունն՝ ըստ նույն՝ բոլորիդ քաջ ծանոթ սցենարի: Լիբերալ ֆաշիստական քաղաքական օրակարգին են ծառայում առաջին հայացքից անմեղ թվացող մշակութային շոուներ, օրինակ՝ Եվրատեսիլը: Այս երգի մրցույթում պարգևատրում են լիբերալ ֆաշիզմին ծառայություններ մատուցած երկրները՝ հնարավորություն ստանալով հաղթանակի դեպքում իրենց երկրում անցկացնել Եվրատեսիլի մրցույթները, ինչը շատ երկրների համար տնտեսական լուրջ խթանիչ կարող է հանդիսանալ: Օրինակ՝ Ուկրաինան որպես հետխորհրդային երկրներից ամենաշատը լիբերալ ֆաշիզմի ազդեցության տակ գտնվող և այդ օրակարգը սպասարկող երկիր, 3 անգամ «հաղթել» է Եվրատեսիլ երգի միջազգային մրցույթում: Ավելորդ եմ համարում ընդգծել, որ Ուկրաինայի մասնակիցների՝ այդքան հաճախ «հաղթանակը» երգի միջազգային մրցույթում ոչ թե ուկրաինական երգի հանճարեղության արդյունք է, այլ քաղաքական հաշվարկների՝ ըստ էության, հանդիսանալով այն քաղցրաբլիթը, որով լիբերալ ֆաշիստական գլխամասային գրասենյակները պարգևատրում են իրենց հավատարիմ երկրներին, այնպես որ՝ Ուկրաինայի դրոշի տակ երգի մրցույթում ելույթ ունեցող նույնիսկ խուլուհամրը շատ մեծ շանսեր ուներ հաղթելու այլ երկրների ներկայացուցիչներին: Լիբերալ ֆաշիստական գաղափարախոսության ազդեցության տակ են գտնվում շատ ավելի լուրջ համբավ ունեցող մրցանակաբաշխություններ, օրինակ՝ Նոբելյան մրցանակաբաշխությունը՝ հատկապես այդ մրցանակաբաշխության «Խաղաղության» և «Գրականության» անվանակարգերը: Հոլիվուդյան ողջ կինոարտադրանքը սպասարկում է լիբերալ ֆաշիզմի գաղափարախոսությունը: Ի դեպ, փակ աղբյուրները պնդում են, որ Հոլիվուդում անհնար է կարիերա անել և հայտնի դառնալ՝ առանց ԱՄՆ-ի հատուկ ծառայություններին հավատարմության հավաստիքներ ներկայացնելու: Սա, իհարկե, հակասում է լիբերալիզմի միանգամից բոլոր կետերին, սակայն հնարավորություն է տալիս լիբերալներին՝ անձի հայտնիությունը և սիրվածությունը դարձնել կառավարելի ամբողջ աշխարհում: Համաշխարհային հայտնիություն ստացած անձը՝ դերասանը, երգիչը և այլն, դառնում են լիբերալ ֆաշիզմի քարոզիչներ ամբողջ աշխարհում, ակտիվորեն օգտագործվում են գունավոր հեղափոխությունների պոպուլյարիզացիայի, հրահրման գործընթացներին և մատուցում են բազմաթիվ այլ մանր-մունր ծառայություններ:
Միջազգային լիբերալիզմի տարածման սկզբնական փուլին զուգահեռ ձևավորվում էին բազմաթիվ ինստիտուցիոնալ կառույցներ, որոնք պետք է սպասարկեին լիբերալիզմի պարտադրանքը: Այդ ինստիտուտներն առաջին հայացքից միմյանց հետ որևէ աշխատանքային փոխկապակցվածություն չունեն, սակայն գործնականում այդ կառույցները միմյանց սպասարկող կառույցներ են, որոնք բոլորը միասին սպասարկում են ամբողջ աշխարհում լիբերալիզմի պարտադրանքի գործընթացը: Այս հետազոտությունն այդ ինստիտուտներից մեկի՝ ամերիկացի օլիգարխ Ջորջ Սորոսի «Բաց հասարակության հիմնադրամ»-ի և այդ հիմնադրամի հետ աշխատանքային փոխկապակցվածություն ունեցող այլ կառույցների մասին է:
Դժվար կլիներ լիբերալ ֆաշիզմը կամ նույնիսկ միջազգային լիբերալիզմը տարածել և պարտադրել ամբողջ աշխարհում, եթե չլիներ Ջորջ Սորոսը և հակառակը՝ չէր լինի «Բաց հասարակության հիմնադրամ»-ը, եթե աշխարհում կարիք չլիներ լիբերալիզմի պարտադրանքի:
Բովանդակային հիմնական փոփոխությունը տնտեսական լիբերալիզմից մինչև լիբերալ ֆաշիզմ այլակարծության նկատմամբ ծայրահեղ անհանդուրժողականության չափաբաժնի ավելացումն է: Եթե Ջոն Լոքի հետ տնտեսական լիբերալիզմի գաղափարախոսության շուրջ դեռևս հնարավոր էր գոնե բանավիճել, ապա ժամանակակից լիբերալ ֆաշիստները հրաժարվում են որևէ կարծիք լսել, բացի իրենցից և այլախոհներին շատ հաճախ աշխատում են լռեցնել բացահայտ բռնությամբ: Դա է հիմնական պատճառը, որ համարում եմ՝ քաղաքական լիբերալիզմից հետո լիբերալ գաղափարախոսության փոփոխությունները ոչ թե էվոլուցիա են, այլ մուտացիա: Քաղաքական անհանդուրժողականությունն այլակարծության նկատմամբ խոսում է տվյալ գաղափարախոսության սնանկության մասին: Չէ՞ որ եթե քաղաքական գաղափարախոսությունն ամուր հիմնավորված է, երբեք կարիք չի ունենա այլախոհ մարդկանց բռնությամբ լռեցնելու: Այս գործելաոճը հատուկ էր Հիտլերյան նացիզմին և Դուչեյի ֆաշիզմին: Աշխարհում հիմա էլ կան, գործում են ազգայնական հենքով քաղաքական ուժեր, սակայն նրանց և Երկրորդ համաշխարհային պատերազմ սանձազերծողների միջև կա մի շատ էական տարբերություն՝ հիտլերյան նացիստներն այլակարծության նկատմամբ ծայրահեղ անհանդուրժող էին և իրենց տեսակետից տարբերվող ցանկացած որևէ այլ տեսակետ խեղդում էին արյան մեջ: Լիբերալ ֆաշիստները ևս իրենց քաղաքական քմահաճություններընառաջ տանելու համար պատրաստ են արյան գետեր հեղել: Ուղղակի հիմա բռնությունը քողարկվում է վերամբարձ բառերի ներքո, կամ եթե հնարավոր չի լինում քողարկել, ապա լիբերալ ֆաշիստներն՝ իրենց հատուկ անպատկառությամբ խմբագրում են իրականությունը՝ վարկաբեկելով բռնության զոհերին և հերոսացնելով դահիճներին: Վերջին մտքին դեռ այս գրքում կանդրադառնանք և շատ կոնկրետ օրինակներով:
Եթե մի քանի բառով ամփոփենք, ապա աշխարհը, իսկ հատկապես՝ Եվրոպան, գերի է ընկել լիբերալ ֆաշիզմին, որը թելադրվում և կազմակերպվում է ԱՄՆ-ից՝ տարբեր ինստիտուտների միջոցով: Լիբերալ ֆաշիստները տնտեսական լիբերալիզմի գաղափարախոսության ապօրինի ժառանգներն են՝ մուտացիան և այս տեսքով արդեն որևէ առնչություն չունեն իրենց սկզբնաղբյուր գաղափարախոսության հետ: Լիբերալ ֆաշիստներն իրենց գործողություններում անընդհատ հղում են անում «անհատի ազատությանը», որը վերացական հասկացողություն է, քանի որ առ այսօր որևէ կերպ ու որևէ տեղ սահմանված չէ, թե ինչ է «անհատի ազատությունը», որտեղ է սկսվում և որտեղ է վերջանում այն: Լիբերալ ֆաշիստները պահանջում են պետության կարգավորիչ դերի նվազում, իսկ այն պետությունները, որոնք դիմադրում են այդ գործընթացին, հռչակում են բռնապետական և այնտեղ կազմակերպում ու իրականացնում են «հեղափոխություններ», սակայն իրենց երկրներում՝ ԱՄՆ-ում պետության միջամտությունը քաղաքացու կյանքում շարունակում է մնալ բարձր կարգավիճակում: Լիբերալ ֆաշիստներն այլակարծության նկատմամբ իրենց անհանդուրժողականությամբ չափազանց նման են հիտլերյան նացիստներին և Մուսոլինիի ֆաշիստներին և, ըստ երևույթին, դա է պատճառը, որ նրանց դասակարգում են որպես լիբերալ ֆաշիստներ:
Կարդալ շարունակությունը՝ Մաս 3-րդ